Զեյնալյանը խնդրում է չբացահայտել նախաքննական գաղտնիքը-Azat TV
Իրավական
18:45 27/03/2019

Զեյնալյանը խնդրում է չբացահայտել նախաքննական գաղտնիքը

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն անդրադարձավ իրեն սպառնալու վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերին: Զեյնալյանը հաստատեց այդ տեղեկությունը և նշեց, որ սոցցանցի օգտատիրոջ կողմից իրեն սպառնալիքներ են ուղղվել, որից հետո նախարարը հաղորդում է ներկայացրել նախաքննական մարմին:

«Ինձ համար տհաճ է, որ նախաքննության գաղտնիքը հրապարակվել է, ես հանցագործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել, դրանից հետևում է, որ ես դրա մեջ տեսել եմ սպառնալիք: Պահպանենք նախաքննական գաղտնիքը, որովհետև դա հանգեցնում է իմ անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի խախտման»,-ասաց նա:

Նախարարը ներկայացրել է օգտատիրոջ տվյալները նախաքննության մարմնին: «Պատճառը այն հայտարարությունն է, որը կատարեցի նախորդ ճեպազրույցի ժամանակ: Այն վերաբերում էր սահմանը հատած ադրբեջանցի անձնավորությանը»,- ասաց Զեյնալյանը՝ պարզաբանելով, որ սոցցանցում հայտարարությունը ներկայացնող լրատվական նյութի տակ գրառումներում սպառնալիքներ են հնչել:

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին սպանության սպառնալիքներ տալու փաստով: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ սպառնալից գրառում կատարած անձը Տավուշի մարզի Բերդավան բնակավայրի բնակիչ՝ 35-ամյա Խորեն Ասլանյանն է, որը սպառնացել է նախարարի նկատմամբ բռնություն գործադրել՝ կապված նրա կողմից ծառայողական պարտականությունները կատարելու հետ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ