Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այցը ԱՄՆ, որը պլանավորված էր աշնանը, չի կայանա: Այդ մասին մայիսի 2-ին հայտնել է Rustavi 2 հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Հեռուստաալիքի տվյալներով՝ այցը նախապատրաստվում էր դեռ մարտից, այդ ուղղությամբ աշխատում էր Վրաստանի ԱԳ նախարարությունը, սակայն անհասկանալի պատճառներով այցը չի կայանա:
Այն փաստը, որ այցն իրոք նախապատրաստվում էր, հաստատել է նաև նախագահի վարչակազմի ղեկավար Լաշա Ժվանիան, որը մայիսի 1-ին թողել է զբաղեցրած պաշտոնը:
«Մարտին մենք բանակցություններ էինք վարում այն բանի շուրջ, որ այց պլանավորենք աշնանը՝ սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին»,- ասել է Ժվանիան լրագրողներին:
ԱՄՆ այցի կապակցությամբ պաշտոնական պարզաբանումներ ոչ ԱԳ նախարարությունը, ոչ էլ նախագահի վարչակազմն առայժմ չեն արել:
Զուրաբիշվիլին մայիսի 1-ին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի վրացական խմբագրությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Վրաստանում ամերիկյան ռազմակայանի կառուցումը նպատակահարմար չէ և կարող է ընկալվել որպես սադրանք: Նրա խոսքով՝ Վրաստանը պետք է խորացնի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, բայց չձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք կհրահրեն մյուս երկրներին:
Զուրաբիշվիլիի այս հայտարարությանը խիստ բացասաբար են արձագանքել վրացական ընդդիմադիր ուժերը, որոնք սկսել են նրան սպառնալ իմպիչմենտով: