Ինձ առնչող բոլոր գործողությունները մի բանի համար են՝ հասնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականին, կամ որևէ եղանակով նրան պաշտոնից ազատելուն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:
«Ի սկզբանե, շատ լավ գիտենք իմ հանդեպ հարուցված քրեական գործի բուն իմաստը. այն քաղաքական էր: Քաղաքական իշխանությունը, մինչև քրեական գործերի շարք սկսելը, հայտարարել է քաղաքական նպատակը՝ կատարել ՍԴ-ում փոփոխություններ՝ ՍԴ նախագահից սկսած: Հետևաբար, բոլոր այն գործողությունները, որոնք իրենց մեջ կպարունակեն իրավական որոշակի հիմնավորումներ, այնուամենայնիվ, ելնում են քաղաքական նպատակից»,-ասաց Բաբայանը՝ նշելով, թե դրա իրականացման համար իշխանությունները ոչնչի առաջ չեն կանգնում:
Նրա խոսքով՝ իշխանությունները մտածել են՝ Արսեն Բաբայանը թող գնա, 22 օր ապօրինի ազատազրկվի, մինչև կտա իրենց ցանկալի ցուցմունք, որովհետև, երևի, ենթադրում են՝ «խելքը գլուխը կհավաքի», բայց տեսնում են, խելքը գլուխը հավաքած էր:
«Ես համարում եմ նաև, որ 22 օր քաղաքական իշխանությունների պատանդն եմ եղել»,-շեշտեց Բաբայանը:
Նա անդրադարձավ իր հետապնդման իրավաչափ լինելուն՝ նշելով, թե շատերը պնդել են, թե քանի որ ինքը քաղաքական գործիչ չէ, հետևաբար, իր նկատմամբ չէր կարող իրականացվել քաղաքական հետապնդում:
«Քաղաքական հետապնդման ենթարկվելու համար որևէ դեպքում պարտադիր չէ լինել քաղաքական գործիչ: Կարևոր է, թե իրականացվող կոնկրետ գործողությունները որքանով են քաղաքական և որքանով՝ իրավական»,-ասաց Բաբայանը:
Նա ընդգծեց, որ, ընդհանրապես, քրեական գործի հարուցումը չէր կարող գոյություն ունենալ, դրան հաջորդող ձերբակալությունն էլ խայտառակ ապօրինություն էր:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել էր ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոխելու որոշման մասին։

