fbpx
Կրթություն

41 ուսուցիչ արժանացել է Կրթության հավասարության դեսպանի կոչման

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր տեղի է ունեցել «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի «Ես դառնում եմ դեսպան» հանդիսավոր արարողությունը, որը նվիրված էր առաջնորդության զարգացման երկամյա ծրագիրն այս տարի ավարտող այն 41 մասնակցին, ովքեր հիմնադրամի կողմից արժանացան Կրթության հավասարության դեսպանների կոչմանը:

Այդ առիթով կազմակերպված միջոցառմանն այսօր մասնակցել և ծրագրի բոլոր շրջանավարտներին շնորհավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը: Փոխնախարարի խոսքով՝ այն աշխատանքը, որ կատարում են ծրագրի դասավանդողները, անփոխարինելի ներդրում է կրթության և, առհասարակ, հասարակության զարգացման գործում:

«Կարևոր է, թե ինչ ուղենիշային ճանապարհ ենք հարթելու մեր ապագա քաղաքացիների համար: Բոլոր մասնագիտությունների հիմքում առաքելությունն է, բայց ուսուցիչը նաև կոչում է, տեսակ, ապրելակերպ: Աշխարհում չկա ավելի մնայուն արժեք, քան կրթությունը, չկա ավելի կարևոր ներդրում, քան սեփական գիտելիքների փոխանցումը, և չկա ավելի արժանապատիվ քայլ, քան ինքնակրթությունն է:

Համայնքների զարգացման հարցով ևս «Դասավանդիր, Հայաստան»-ը մեծ գործ է կատարում, քանի որ ծրագրի ուսուցիչները նաև ներկայացնում են համայնքի զարգացման տարբեր ծրագրեր և ներգրավվում դրանցում: Այսօրվա մեր կրթական քաղաքականությունը միտված է, որ յուրաքանչյուր բնակիչ իր անմիջական մասնակցությունն ու ներդրումն ունենա դպրոցի և համայնքի զարգացման գործում: Այս հինգ տարիների հետագծում դուք եք կանգնած, և դրանք ուղենիշային են լինելու նաև այսօրվա շրջանավարտների համար»,-դիմելով ներկաներին՝ նշել է Լուսինե Առաքելյանը:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը. «Դպրոցը պետք է դարձնենք քաղաքացի կերտող ինստիտուտ, կրթագիտական կաճառ, որտեղ կերտվելու են ազատ մտքի թռիչքով, քննադատական և վերլուծական մտածողությամբ քաղաքացիներ»,-նշել է Մխիթար Հայրապետյանը:

«Դասավանդի’ր, Հայաստան»-ի 41 ուսուցիչները երկու տարի առաջ մեկնել են Հայաստանի տարբեր համայնքներ՝ դասավանդելու դպրոցներում և նպաստելու կրթական համակարգում ամենամեծ խնդրի լուծմանը՝ կրթական հնարավորությունների հավասարության ապահովմանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ