Լրագրող Նարինե Ղալեչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մեկը չկա՞ Սամվել Ալեքսանյանին ասի՝ Ձեզ ո՞վ է իրավունք տվել, մարդկանց հրամայելով ուղարկել կրակի բերան, որ փաթեթներն ուսերին դրած դուրս հանեն: Սեփական հագուստով քթները փակած, կրակից փախած խեղճ աշխատակիցները ստիպված նորից հետ են գնում, բարձրանում տանիք, էնտեղից գոռում՝ տանիքն իջնում է (ինչի վրա էլ կանգնած են), Ալեքսանյանն ասում է՝ ժեշտը հեչ, դա փրկեք: Ասում է՝ քելեք օգնեք վեշերը հանեք: Մեկն ասում է՝ չեն թողնում, ինքը կրկնում է՝ քելեք: Բա հարգելի ոստիկանապետ, ինչո՞ւ չեք զգուշացնում միլիոնատիրոջը, որ մարդկանց կյանքը չվտանգի հանուն իր շենքի ու իր նշած «վեշերի»:
Պետք է հրդեհվող տարածքն էվակուացվեր և ներսում բացառապես ԱԻՆ-ի և հրշեջ ծառայության աշխատակիցներն աշխատեին, ոստիկաններն էլ հսկեին, որ մարդ չմտնի:
(Ցավոք, դա արվեց հրդեհի բռնկումից շուրջ 6 ժամ անց):
Սամվել Ալեքսանյան, դե Դուք ներս մտեք ու կրակի բերանից ձեր նշած «վեշ»-ը հանեք: Ձեր կյանքո՞վ եք հետո պատասխան տալու էդ մարդկանց կյանքի ու անվտանգության համար
ԱԻՆ-ի ու հրշեջ ծառայության աշխատակիցների աշխատավարձը պետք է եռապատկել, մարդիկ կյանքի գնով են աշխատում: Կադրերը նայում ես՝ սիրտդ վատանում է:
Եթե չեմ սխալվում, «Իմ քայլից» պատգամավոր կար տեղում (չգիտեմ՝ ով էր), բայց գոնե պատգմավորն Ալեքսանյանին զգուշացներ մարդկանց կյանքը վտանգող հրահանգներ չտալ
Հ. Գ. Հասկանում եմ, սիրտը մրմռում է, իր շենքն աչքի առաջ այրվում է, իհարկե ափսոս է, բայց…»:
Հիշեցնենք, որ երեկ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի հետևանքով 10 տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից։