fbpx
Տնտեսություն

Քննարկվել են Հայաստան-Չիլի տնտեսական կապերի խորացման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն այսօր ընդունել է Չիլիի Հանրապետության արտաքին գործերի միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով նախարարի տեղակալ Ռոդրիգո Յանյեսին։

Վարոս Սիմոնյանը ողջունել է պաշտոնյային Հայաստանում գտնվելու կապակցությամբ և նշել, որ հանդիպումը հրաշալի առիթ է վերաիմաստավորելու երկկողմ տնտեսական համագործակցության շրջանակը։

Ռոդրիգո Յանյեսը նշել է, որ պատվիրակության կազմում են թե՛ պետական պաշտոնյաներ և թե՛ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Նախարարի տեղակալի խոսքով՝ Հայաստանի և Չիլիի միջև համագործակցությունը կարող է հատկանշական լինել այն համատեքստում, որ երկու երկրները յուրատեսակ հանգույց են դեպի այլ խոշոր արտաքին շուկաներ։ Նա հետաքրքրություն է հայտնել դիտարկելու հայկական ապրանքների արտահումը դեպի Չիլիի Հանրապետություն։ Ռոդրիգո Յանյեսը նշել է, որ չիլիական կողմը հետաքրքրված է՝ բացահայտելու ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության հնարավորությունները։

Վարոս Սիմոնյանը տեղեկատվություն է ներկայացրել Եվրասիական տնտեսական միության և երրորդ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրերի վերաբերյալ՝ ինչպես ստորագրված համաձայնագրերի, այնպես էլ բանակցվող փաստաթղթերի։ Վարոս Սիմոնյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է նաև Եվրամիության հետ համագործակցության շրջանակը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի էությունն ու տնտեսական կապերը ԵՄ-ի հետ։

Կողմերը քննարկել են առաջիկայում նախատեսվող չիլիական պատվիրակության այցը Հայաստան՝ քննարկելու համագործակցության շրջանակի ձևավորման տեխնիկական մանրամասները և ուրվագծելու համապատասխան տնտեսական ուղղությունները, մասնավորապես՝ ապրանքների արտահանման, գինեգործության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։

Չիլիի արտաքին գործերի միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով նախարարի տեղակալ Ռոդրիգո Յանյեսը հանդիպման ավարտին նշել է, որ Հայաստանի հետ բարձր մակարդակի համագործակցությունը տնտեսական ոլորտում անհրաժեշտություն է և շնորհակալություն է հայտնել հայկական կողմի արդյունավետ փոխգործակցության պատրաստակամության համար։

Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ