Այսօր` հունիսի 12-ին, ԱԺ-ում արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմելով վարչապետին հայտնեց, որ կորոնավիրուսով պայմանավորված սահմանված կանոնները քաղաքացիներին բացատրելու փոխարեն մենք տեսնում ենք բռնի ուժ, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, որն արգելված է եվրոպական կոնվենցիայով:
Մարուքյանը հավելեց, որ դրանք շատ վատ հետևանքներ են ունենում, նախ ոստիկանության հետ կապված, երկրորդ, որպես ԵԽ անդամ բոլոր երկրները պանդեմիայի ընթացքում մոնիտորինգի տակ են, թե մադու իրավունքները որքանով են սահմանափակվում:
«Ես ձեզ կոչ եմ անում հորդորել ոստիկանությանը, որ համապատասխան միջոցառումներ իրականացնելիս հաշվի առնեն բոլոր չափանիշները: Կամ եթե մարդն առանց դիմակի է, թող 10 հազար դրամի տուգանքը գրեն, արձանագրությունը կազմեն: Թևը ոլորել, գետնին գցել, քարշ տալ, սրանք դատապարտելի երևույթներ են: Արդյոք պատրաստվում եք այս ուղղությամբ որևէ քայլ անել»,-ասաց Մարուքյանը:
Նիկոլ Փաշինյանն պատասխանեց.
«Ես կհամաձայնվեմ ձեզ հետ թևը ոլորելու, գետնին տապալելու հետ կապված, եթե դա տեղի է ունենում օրենքով չնախատեսված կարգով և դեպքերում, եւ ուժի կիրառման վերազանցում է տեղի ունենում: Ոստիկանությունն ուժային կառույց է և օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրավունք ունի կիրառել ուժ: Պարզ է, որ դիմակ չկրելու համար չի կարելի ուժ կիրառել, բայց եթե դիմակ չկրելու համար քաղաքացու հետ հաղորդակցության ընթացքում տեղի են ունենում այլ զարգացումներ, իհարկե, պետք է ուժ կիրառի ոստիկանությունը»,-հայտնեց վարչապետը: