Ruptly լրատվական գործակալությունը հայտնում է, որ Տոմսկի Բոգաշևո օդանավակայանում գտնվող «Վիեննա» սրճարանը փակվել է։ Սրճարանը փակվել է, երբ լուրեր են տարածվել, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը վատացել է սրճարանում թեյ խմելուց հետո:
Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել է, որ քաղաքական գործիչը Տոմսկից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռ նստելուց առաջ թեյ էր խմել օդանավակայանում: Ըստ Յարմիշի՝ Նավալնիին թունավորել են՝ նրա թեյի մեջ ինչ-որ բան խառնելով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալեքսանդր Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր ինքնաթիռում: Օդանավն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում, որտեղ քաղաքական գործիչը հոսպիտալացվել է:
Օմսկի բժիշկները հայտնել են, որ պայքարում են Ալեքսեյ Նավալնիի կյանքի համար: Քաղաքական գործչի վիճակը կայուն է, սակայն նա դեռ գտնվում է կոմայի մեջ: