ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում օգոստոսի 11-ին գրել է, որ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի գյուղերից պարբերաբար ահազանգեր են ստանում այն մասին, որ ադրբեջանական զինծառայողները կրակոցներ են արձակում նաև հարբած վիճակում:
- Ադրբեջանը ԱԹՍ-ներ է կիրառել Արցախի դիրքերի ուղղությամբ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
- Թաթոյանն ու Սարգսյանը քննարկել են սահմանային իրավիճակը
«Ընդ որում, այս դեպքում կրակոցները հատուկ լուսարձակող են ու արվում են այնպես, որ տեսանելի լինի քաղաքացիական բնակչության համար`ահաբեկելու նպատակով: Այդ դեպքերում գիշեր ժամանակ հաճախ միացնում են բնակիչներին անհանգստություն պատճառող բարձր երաժշտություն, գորգոռում, այսինքն` կատարում են խուլիգանական արարքներ», – նշել է Թաթոյանը:
Նրա խոսքով՝ նման ահազանգեր ստանում են 2020 թվականի դեկտեմբերից սկսած։
«Խոսքը այն գյուղերի մասին է, որոնց անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերը միջազգային իրավունքի պահանջների կոպիտ խախտումներով տեղակայվել են պատերազմից հետո ու հատկապես 2021թ. մայիսի 12-13-ի ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական ներխուժումներից հետո:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից նշված ահազանգերի ուսումնասիրությունները վկայում են, որ ադրբեջանական կրակոցները դադարում են ՀՀ զինված ուժերի բնակչությանը պաշտպանող կանխարգելիչ գործողություններից հետո», – գրել է ՄԻՊ-ը: