Սուդանի մայրքաղաքում ցուցարարներն արդեն երկար ժամանակ իշխանությունն իրենց ձեռքը վերցրած զինվորականներից պահանջում են իշխանությունը փոխանցել քաղաքացիական անձանց։ Այսօր հերթական ցույցի ժամանակ ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների վրա։
Միջադեպը եղել է այն ժամանակ, երբ ցուցարարները փակել են մայրաքաղաքի կամուրջներից մեկը։ Ոստիկանության պահանջներին նրանք չեն ենթարկվել։ Սկսվել է քաշքշուկ, որից հետո իրավապահները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ։ Նրանց մեծ մասը թաքնվել է մոտակա մզկիթում։ Տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։
Մինչ այս, ցույցերը Սուդանի նախկին նախագահի դեմ էին։ Սակայն տևական ցույցերից հետո՝ ապրիլին, երբ նախագահի ազդեցությունը թուլացել էր, ռազմական հեղաշրջում տեղի ունեցավ։ Զինվորականներն իրենց ձեռքը վերցրին իշխանությունը, նախագահին բանտարկեցին ու խոստացան առաջիկա երկու տարում երկրի վերահսկողությունը փոխանցել քաղաքացիականներին։ Սակայն ցուցարարները պահանջում են այդ փոխանցումը կատարել անմիջապես։