Ադրբեջանում նոյեմբերի 2-ին բողոքի ակցիա է նշանակել ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» կազմակերպությունը։ Ծրագրվում է, որ ակցիան կսկսվի ժամը 15:00-ին: Այս մասին Osmanqızı TV համացանցային հեռուստաընկերությանը տեղեկացրել է «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին:
«Մենք առաջարկել ենք փոխզիջումային տարբերակ: Մենք կարող ենք ակցիան անցկացնել նաև «Մեհսուլ» մարզադաշտում: Բայց եթե կառավարությունը կրկին համաձայնություն չտա այդ վայրին, մենք մեր ակցիան կանցկացնենք «Մայիսի 28» մետրոկայարանի դիմաց»,-ասել է Քերիմլին:
Նրա խոսքով՝ այս ցույցի անցկացումն ադրբեջանցի ժողովրդի կամքի կատարումն է:
«Որոշումը կայացնելու համար հիմք է դարձել սոցիալական ցանցերում ժողովրդի աջակցությունը: Բավականին մեծ քանակությամբ մարդիկ պահանջում են, որ ցույցի անցկացվի: Մենք զգում ենք նոր ազգային շարժման սկիզբը»,-հավելել է Քերիմլին:
Այս տարվա հունվարի 19-ի ընդդիմության ցույցից հետո, իշխանությունները թույլ չեն տալիս Բաքվի սահմաններում ցույցեր անցկացնել:
Քաղաքային իշխանությունները ցույց անցկացնելու համար առաջարկում են Լոքբատան գյուղի մարզադաշտը, որը հեռու է Բաքվից 20 կմ: Ընդդիմությունն չի ցանկանում ակցիան անցկացնել քաղաքից կտրված մասում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին ընդդիմությունն ակցիայի փորձ արեց քաղաքի կենտրոնում, որը կոշտ միջոցներով ճնշվեց ոստիկանական ուժերի կողմից: