fbpx
Խորհրդարան

ԱԺ-ն ընդունել է ռազմական դրության ընթացքում հարկային արտոնություններ տրամադրելու մասին օրենքը

Օրվա ավարտին խորհրդարանը քննարկել է «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» և ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար: Ներկայացնելով «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծը՝ հիմնական զեկույցում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի և կառավարության առաջարկների հիման վրա այն լրամշակվել է:

Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշել է, որ բացի ներմուծման դեպքերից, պետությանն անհրաժեշտ ապրանքներ նվիրաբերելու դեպքում հարկային արտոնությունը տարածվելու է գրեթե բոլորի վրա:

«Անկախ նրանից, թե այդ ընկերությունն այդ ապրանքը նախկինում գնել է, ներմուծել է, իր պահեստում պահել է, թե ներքին շուկայից է գնել, թե ինքն է արտադրել, հիմա կարող է այդ արտադրանքը փոխանցել պետությանը, անհատույց նվիրաբերել և դրա դիմաց որևէ հարկային պարտավորություն չի առաջանա»,- պարզաբանել է Բաբկեն Թունյանը:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ կառավարությունն առաջարկել է պետական կառավարման մարմինների ցանկում ներառել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, իրենք էլ առաջարկել են ներառել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

«ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով՝ Արման Պողոսյանը նշել է, որ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանի առաջարկով հստակեցումներ են կատարվել կարգավորումներում: Կառավարությունը ևս առաջարկներ է ներկայացրել՝ նպատակ ունենալով ընդլայնել նախագծի կարգավորումների շրջանակը և դրանք դարձնել առավել համապարփակ: Առաջարկվել է կարգավորումները տարածել նաև ռազմական գործողությունների հետեւանքով անհայտ կորած անձանց նկատմամբ:

Առաջարկվել է արտոնյալ կարգավորումները կիրառելի դարձնել ոչ միայն վարկերի, այլ նաև այլ ֆինանսական գործիքների նկատմամբ, որոնք այլընտրանք են վարկերին: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ մեկ առաջարկ էլ ԲՀԿ խմբակցությունն է ներկայացրել, որը կառավարությունն այս փուլում չի ընդունել:

Պարզաբանելով նախագծի էությունը՝ Արման Պողոսյանն ընդգծել է, որ խոսքը նպաստավոր հարկային միջավայրի ստեղծման մասին է, որպեսզի բանկերը ոչ պարտադրված, իրենց հայեցողությամբ, իրենց քաղաքականության շրջանակում կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել այդ վարկային պարտավորությունները: Հարակից զեկույցում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը նշել է, որ նախագծով՝ գործընթացի իրականացման համար բանկերին տրվում են հավելյալ հարկային խթաններ, պետությունը նրանց հետ կիսում է հարկային բեռը: Նիստի ավարտին պատգամավորները երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել են քննարկված օրենքների նախագծերը:

Ազգային ժողովը, սպառելով օրակարգը, ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ