Քաղաքականություն
17:04 14/07/2021

Արամ Վարդևանյանը ջղաձգվում է դատարանում

Սահմանադրական դատարանն այսօր շարունակում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյուքնները վիճարկող «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների և «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումների քննությունը։

Այսօր դատական նիստի ընթացքում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը իր եզրափակիչ խոսքում հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալուց հետո իրավունք չուներ պաշտոնավարել։ Վարդևանյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը հակասում է Հայաստանի Մայր օրենքին։ Թերևս ծիծաղելի է այս հայտարարությունը, քանի որ այժմ գործող Սահմանադրությունը նախկին իշխանությունները ամեն կերպ հարմարացրել էին իրենց քմահաճույքին, և գլխավոր բացթողումն է վարչապետի հրաժարականի պարագայում հետագա գործընթացների չսահմանելը։

Փաստաբանի ելույթի ընթացքում Սահմանադրության հեղինակներից մեկը՝ Հրայր Թովմասյանը, ով ակնհայտ է, որ ունի քաղաքական կանխակալ վերաբերմունք, համեստորեն լռում է։

Վարդևանյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը վերածվել է միապետի, որպես փաստ բերելով նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու գործընթացը՝ շեշտելով, որ նախագահի վրա ճնշում է եղել։ Փաստացի ժողովուրդը այս ամենին մի քանի ամիս ականատես է եղել․ ԳՇ պետը՝ պատերազմում պարտության գլխավոր պատասխանատուն, հրաժարվել է ընդունել սեփական սխալներն ու փորձել բանակը ներքաշել քաղաքական կեղտոտ խաղերի մեջ և հրահրել ռազմական հեղաշրջում։

Արդեն երկրորդ դեպքն է, որ Բարձր դատարանում շահարկվում և ոտնահարվում է նախագահի ինստիտուտը՝ Հրայր Թովմասյանի կողմից նախագահին որպես վկա կանչելու միջնորդությամբ և այսօր էլ Վարդևանյանի կողմից՝ նախագահին որպես սեփական դիրքորոշում չունեցող մեկը ներկայացնելով։

«Հայաստան» դաշինքի կողմից որպես փաստարկներ բերել, թե իրենց թիմակիցները քաղաքական ճնշումների են ենթարկվում, և իրենց դեմ կիրառվում է իրավական համակարգի ողջ գործիքակազմը` աբսուդի ժանրից է։ Դաշինքի՝ պատգամավորության թեկնածուներից արդեն մի քանիսը՝ ի դեմս Մեղրիի նախկին քաղաաքապետ Մխիթար Զաքարյանի, Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանի, Որոտան գյուղի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանի և Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի, մեղադրվում են պաշտոնական լիազորությունների չարաշահման և ընտրակաշառք բաժանելու մեջ։ Սա անհերքելի փաստ է, քանի որ ժողովուրդն ամբողջ քարոզարշավի ընթացքում սեփական աչքերով է տեսել՝ ինչպես են Սյունիքում պաշտոնավարող մի շարք անձինք սպասարկում բացառապես Ռոբերտ Քոչարյանի շահերը, իսկ քաղաքացիներին ստիպում քվեարկել իրենց դաշինքի օգտին։

Վարդևանյանի ելույթի մյուս հետաքրքրական դրվագն այն է՝ իբրև այս ընտրությունները չեն արտահայտում հայ ժողովրդի իրական կամքը։ Վարդևանյանի խոսքով՝ «Հայաստան» դաշինքի ընտրողները վախեցել են Նիկոլ Փաշինյանի և իշխանության կողմից հնչող ատելության խոսքից ու իրենց չեն ընտրել։ Վախեցնելու և սպառնալիքներով հանրությանը ընտրության տանողներն իրենց իմացած գործիքակազմի ենթադրյալ կիրառումից բացի ավելի հնչեղ մեղադրանք չեն գտնում։ Իսկ դրան զուգահեռ՝ քարոզարշավի ընթացքում բազմիցս ենք դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի կողմից լսել ժողովրդին վախեցնելու արտահայտություններ, և իշխանության գալու դեպքում ժողովրդին մաշցնելու ահաբեկումներ։

Իսկ որ դատարանում, այն էլ՝ ընտրությունների վիճարկման նիստին, որը որևէ աղերս չունի պատերազմի հետ, շահարկել պատերազմում կրած հայկական կողմի ծանր կորուստներն ու զոհերը՝ սրբապղծության գագաթնակետն է, ինչը այս քաղաքակն ուժի դեպքում զարմանալի չէ։

Եզրափակելով ելույթը՝ Վարդևանյանը ընդգծեց, որ վերջին երեք տարում Հայաստանում ժողովրդավարության սկզբունքը վտանգվել ու տապալվել է։ Արամ Վարդևանյանին պետք է բերել իրականության դաշտ, ևս մեկ անգամ վստահեցնելով, որ ժողովուրդը հիշողության հետ ոչ մի խնդիր չունի և սեփական մաշկի վրա է զգացել Ռոբերտ Քոչարյանի իշխանության ընթացքում ժողովրդավարության խորտակումը, քաղաքացիների արժանապատվության ոտնահարումն ու պետական միջոցների յուրացումը։

Շողիկ Կակոյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ