Առողջապահություն

Այսօր բուժաշխատողի օրն է

Բուժաշխատողի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի առողջապահության նախարարը։

Դրանում ասված է․

«Բուժաշխատողի ծանր, պատասխանատու և պատվաբեր մասնագիտությունը բոլոր ժամանակներում եղել է ամենապահանջվածն ու ամենահարգվածը, քանզի միայն Ձեր աստվածաշնորհ առաքելությունն է, որ ունակ է փրկելու մարդկային կյանքեր, սրբելու ցավի ու տառապանքի արցունքներ:

Այսօր շատերն են սկսել գնահատել բուժաշխատողի դերը` անցած 44-օրյա պատերազմում տեսնելով Ձեր սխրագործությունները, մինչդեռ քչերը գիտեն, որ անգամ խաղաղ շատ օրերի քրտնաջան աշխատանքը ընթացել էր գրեթե նույն լարվածության և ծանրության պայմաններում:

Չեմ ուզում անդրադառնալ Ձեր մասնագիտության կարևորությանն ու նշանակությանը, քանի որ անհնարին է բառերով ու պատմություններով շարադրել այն, ինչը փաստագրված է Ձեր քրտինքով ու դաջված է Ձեր դեմքերին: Ուզում եմ այս օրը լինի տոնական, Ձեր դեմքին ժպիտ ու փայլ սփռող:

Մասնագիտական այս տոն օրվա կապակցությամբ շնորհավորում եմ նաև Ձեր հարազատներին, ընտանիքների անդամներին և իմ անձնական երախտիքը հայտնում տարիների անդավաճան ընկերության, ըմբռնումի, Ձեզ աջակցելու և գոտեպնդելու, ընտանիքից ամենօրյա պակասը հաղթահարելու և դիմանալու կարողության համար:

Բոլորիդ մաղթում եմ երկար տարիների առողջ և երջանիկ կյանք, ամենակարևորը` խաղաղություն, հաջողություններ աշխատանքում և անձնական կյանքում»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ