Կրթություն

ԿԳՄՍՆ-ն կրթական հաստատությունների ձևավորման դրամաշնորհի հատկացման մրցույթ է անցկացնում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թվականի պետական բյուջեի «Հանրակրթության» ծրագրի «Նախադպրոցական այլընտրանքային ծախսաարդյունավետ մոդելների ներդրում» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

Մրցույթի նպատակն է ձևավորել նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատություններ, որոնք նախադպրոցական ծառայություններում ընդգրկված երեխաների թիվը մեծացնելու հնարավորություն կընձեռեն: Մրցույթի համար հիմք է հանդիսացել ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով հաստատված «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների և դրանց ներդրման կարգը»:

Մրցույթի անցկացման արդյունքում նախատեսվում է, որ ընտրված համայնքում (բնակավայրում) գտնվող որևէ կառույցում (բնակելի, կրթամշակութային, սպորտային, համայնքային) դրամաշնորհի միջոցներով կստեղծվեն նախադպրոցական կրթական ծառայություններ իրականացնելու համար համապատասխան պայմաններ:

Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել այն համայնքները (բնակավայրերը), որոնցում նախադպրոցական կրթական որևէ ծառայություն չի մատուցվում: Դրամաշնորհի առավելագույն մեծությունը յոթ միլիոն ութ հարյուր քսանչորս հազար ՀՀ դրամ է: Միջոցառումների իրականացման ժամանակահատվածն է` 2021 թ. հունիս-դեկտեմբեր:

Մրցույթի արդյունքում դրամաշնորհ ստացող կառույցը որոշվում է ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգերի և պայմանների հիման վրա:

Մրցույթին մասնակցելու հայտերը (ներառյալ բոլոր փաստաթղթերը) մինչև 2021 թվականի հուլիսի 8-ը պետք է ներկայացվեն ԿԳՄՍ նախարարություն:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հղմամբ, իսկ խորհրդատվություն՝ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչությունից՝ (010) 599-619:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ