Թարգեք սին հույսերն ու աշխատանքները ՌԴ-ի հետ բանակի վերակառուցման գործում․ Նարեկ Այվազյան

border

Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․

«Առաջին հերթին թարգեք սին հույսերն ու աշխատանքները Ռուսաստանի հետ բանակի վերակառուցման գործում։ Սա ամենաանհեռատես, նույնիսկ հանցավոր արարքն է թե՛ բանակի հանդեպ, թե՛ պետականության հանդեպ։ Խոսքս համ ժողովրդին է վերաբերվում, համ գործող իշխանություններին, որոնք սխալ քաղաքականություն են իրականացրել մինչ այժմ։

Սրա մասին ինքս էի սին հույսեր տածում, որ միգուցե իրենց ստանալիքից հետո, ինչ-որ բան կանեն, ու այս կտրվածքում չէի գրում, չնայած, որ միշտ կասկածանքով ու նախատիքով եմ արտահայտվել։

Պրոֆեսիոնալ բանակի նախատիպ չի ռուսական բանակը։ Բանակաշինության գործում Հայաստանը կարող է կազմակերպական, տեխնիկատեղեկատվական և սպառազինության օժանդակում հայցի Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Հունաստանից, Լեհաստանից և եվրոպական այլ երկրներից, որոնց աշխարհաքաղաքական շահերը բնականորեն համընկնում են Հայաստանի շահերին։

Սա պետք է արվի ի հեճուկս Ռուսաստանի, որը ողորմելի վիճակում է գտնվում թե՛ որպես խաղաղապահ, թե՛ որպես անվտանգության երաշխավոր կամ նույն անվտանգության միավորի մեջ մտնող երկրի, որը ստանձնել է այդ դերը։ Այդ գործընթացը պետք է արվի նաև ի հեճուկս Հայաստանում գործող ռուսական ազդեցության տակ գտնվող պաշտոնյաների՝ լինի դա բանակում, ուժային այլ կառույցներում, թե այլ ոլորտներում։ Ինչպես նաև ի հեճուկս բոլոր ռուսամետ քաղաքական ուժերի ու դեմքերի։

Միայն այսպիսի գործընթացները կարող են իրավիճակը փոխել՝ բալանսավորելու թե՛ մեր դաշնակցային ապաշնորհ մենաշնորհ ունեցողին, թե՛ հակառակորդներին զսպելու և սաստելու համար։ Եվ նույնիսկ պրոֆեսիոնալ բանակի անցնելու ներկայիս գործընթացին զուգահեռ պետք է պետականորեն օժանդակություն ստանա քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը և ներգրավում նրանց սահմանապահ աշխատանքներում»։

Ամենաթարմ