ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը ապրիլի 8-ին Ազգային ժողովի իր ելույթի ընթացքում, շեղվելով օրակարգից և դիմելով Իմ քայլը խմբակցության անդամ Մարիա Կարապետյանին, ասաց, որ չի հասկանում տիկի Կարապետյանի բոցաշունչ ելույթների պատճառը:
Պատգամավորը կոչ արեց ՀՀ քաղաքացիներին ուշադիր լինել և տեսնել, թե ԱԺ-ում տրանսգենդերի «տխրահռչակ ելույթներից հետո ովքեր էին ծափահարում» դահլիճում:
«Եվս մեկ անգամ կոչ եմ անում կարգուկանոն պաշտպանել, եթե մենք արտաբերում ենք որոշակի պրետենզիաներ, դրանք նվազագույնը վերաբերեն հարցերին կամ այն օրենսդրական գործունեությանը, որ մենք իրագործում ենք: Տիկին Զոհրաբյանն էդ ի՞նչ է արել, անուն տվե՞լ է»,- ասաց նա:
Պատգամավոր Մարիա Կարապետյանն այսպես արձագանքեց նրա ելույթին.
«Պարո´ն Աբովյան, խնդիրը տիկին Զոհրաբյանի ստորագրությունն է, որ այս փաստաթղթի ներքևում դրված է, ես մոտեցել էի ամբիոնին՝ այս փաստը ցույց տալու համար, հրավիրյալների ցուցակը տիկին Զոհրաբյանն է կազմել և ուղարկել, նա է տվել իմ անունը ԱԺ միջանցքում»:
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը խնդրեց չշեղվել օրակարգից:
