Հայկական բասկետբոլը զարգացման ճանապարհին է: Այն, որ Հայաստանում մեծ է հետաքրքրությունը մարզաձևի նկատմամբ, փաստում է մարզաձևով մարզվել զանկացողների հսկայական բանակը: Ցավոք, Հայաստանում անհրաժեշտ պայմաններ չկան՝ բասկետբոլը մասսայականացնելու համար: Մի քանի մարզական կառույց ունի անհրաժեշտ նվազագույն պայմանները, բայց հույսը դնել միայն եղածի վրա, կնշանակի՝ դոփել նույն տեղում:
Armsport.am-ը զրույց ունեցավ բասկետբոլի նորաստեղծ Եվրասիական Լիգայի նախագահ Կարեն Գիլոյանի հետ: Փորձեցինք հասկանալ, թե ե՞րբ աճեց բասկետբոլի նկատմամբ հետաքրքրվածությունը, ի՞նչ ճանապարհ է ընտրել հայկական բասկետբոլը, ինչպե՞ս փորձենք մոտենալ Եվրոպական մակարդակին և ի վերջո, կլինի՞ պետական ֆինանսավորում, թե՞ հույսը կրկին պետք է դնել հովանավորներ վրա:
-Պարոն Գիլոյան, հայկական բասկետբոլի վերածնունդը երբվանի՞ց սկսվեց:
2016 թվականից՝ երբ Հայաստանի հավաքականը նվաճեց փոքր երկրների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: 2017 թ-ին ստեծվեց Ա լիգան, այն բանից հետո, երբ չկայացավ «Ուրարտուի»՝ Ռուսաստանի Սուպերլիգա 1-ում խաղալու նախագիծը. չկայացավ զանազան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Իրականում, շատ մեծ գործ էր արված ու ափսոս էր այդ ամենը ջուրը լցնել: Առաջարկ եղավ, միացա ու Արա Պողոսյանի հետ ստեղծեցինք Ա լիգան: Առաջին տարում մակարդակը սիրողականից մի քիչ էր բարձր, իսկ 2018 թ-ին շատ ուժեղ առաջնություն կայացավ՝ հզոր թիմերով ու արդեն պարզ էր, որ միջազգային խաղերի պակաս կա, և բացը պետք էր լրացնել: Մտածեցինք խաղալ որևէ եվրոպական ակումբային գավաթի խաղարկությունում, բայց ծախսերը թույլ չտվեցին մասնակցել այդպիսի մրցաշարի: Անհրաժեշտ էր մոտավորապես 500 հազար դոլար ներդնել՝ Եվրոպայի չեմպիոնների լիգայի խաղարկությունում գոնե մեծ հաշվով չպարտվելու համար: Որոշեցինք մեր ուժերը փորձել մրցաշարում, որին կմասնակցեն հավասարազոր ակումբներ: Կազմակերպեցինք ԵԱՏՄ գավաթ մրցաշարը, որին մասնակցեց 4 թիմ՝ Հայաստանից, Ղազախստանից, Ռուսաստանից ու Բելառուսից: Մրցաշարը ցույց տվեց, որ հայ երկրպագուն միջազգային խաղերի ծարավ է: Դրանից հետո, 4 ամսվա քրտնաջան աշխատանքից հետո հնարավոր եղավ գնալ-հասնել Համագործակցության տնտեսական խորհուրդ, ստանալ խորհրդի աջակցությունն ու օգոստոսի կեսին հրավիրեցինք ասուլիս, որտեղ հայտարարեցինք Եվրասիական լիգա ստեղծելու մասին, որին մասնակից դարձան ԵԱՏՄ-ի գավաթին մասնակցած 4 թիմերը՝ «Ուրարտուն», «Ցոր-Բորիսֆենը», Ատիրաուի «Բարսին», Տուլայի «Արսենալը»: Նրանց միացան նաև «Արագածն» ու Ռուսաստանի ֆիզիկան կուլտուրայի ակադեմիայի թիմը: Հոկտեմբերի 1-ին սկսվեց Եվրասիական լիգայի գավաթի խաղարկությունը՝ տուն-դուրս մրցակարգով: Արդեն կայացել են շատ հանդիպումներ ու հավասարազոր պայքար է, ակնհայտ ֆավորիտներ չկան: Մարտին կանոնավոր առաջնության արդյունքում ձևավորված լավագույն քառյակը Երևանում կանցկացնի 4-ի եզրափակիչը, որի արդյունքում պարզ կդառնա հաղթողի անունը: Շատ կարևոր է, որ Հայաստանի կողմից է նախաձեռնությունը: Մեծ հաջողությունների մասին վաղ է խոսել, բայց այն, որ 3 ուժեղ բասկետբոլային երկրներից թիմեր են մասնակցում, դա արդեն ձեռքբերում է: Նախատեսում էինք սահմանել մրցանակային պարգև, բայց առայժմ ֆինանսները թույլ չեն տալիս:
-Կխոսե՞ք Եվրասիական լիգայում հետագա նպատակների մասին:
-Շարունակությունը ակումբների քանակն ավելացնելն է: Տեսանելի ապագայում նպատակ կա թիմերի քանակը հասցնել 16-ի ու անցկացնել գեղեցիկ կանոնավոր առաջնություն:
-Խաղերից շատերում տրիբունաները կիսադատարկ են: Ո՞րն է պատճառը:
Պատճառը մարքեթինգային սխալն է:ԵԱՏՄ գավաթի խաղարկությունում տրիբունաներում ասեղ գցելու տեղ չկար, իսկ հիմա զուտ տեղեկացվածության խնդիր է: Անհրաժեշտ է նաև, որ հայկական թիմերը լավ խաղան, քանի որ հայ երկրպագուն գալիս է խաղերին, երբ թիմը հաղթում է: Ամեն դեպքում, երկրպագուի դերը մեծ է, նրա ներկայությունը ստիպում է թիմին ավելի զգոն լինել ու ավելի նպատակամղված խաղալ:
-Այս պահին Ձեր գործունեությունը որտե՞ղ եք կենտրոնացրել:
-Հիմա զբաղված եմ Եվրասիական լիգայի կայացման գործով: Փորձում եմ դրամական միջոցներ հայթհայթել, որպեսզի 4-ի եզրափակիչն անցնի պատշաճ մակարդակով:
-Ծրագրում էիք 4-ի եզրափակիչն անցկացնել Մարզահամերգային համալիրում: Կհասցնե՞ք լուծել բոլոր խնդիրները:
-Մեծ ցանկություն կա, բայց չենք կարողանում մանրահատակի հարց լուծել: Մանրահատակը շատ թանկ է ու դժվար է ձեռք բերել: Եթե այն լինի, մնացած հարցերը լուծելի են: Եթե չստացվեց, ապա ստիված կլինենք բավարարվել Միկայով:
-Հայկական ակումբները ինչպե՞ս ստեղծվեցին:
-Հայկական բասկետբոլը աճեց նաև մեր սփյուռքահայ ընկերների շնորհիվ: Ա լիգայի 6 թիմերից 3-ի սեփականատերերը Բեյրութից են: Հիմա Լիբանանում լուրջ խնդիրներ կան, բանկային համակարգը փլուզման եզրին է ու շատ դժվար է նաև այդ տեսանկյունից: Որպեսզի պատկերացնեք, Լիբանանի բասկետբոլի առաջնությունը Ասիայում ուժեղագույններից մեկն է, բայց այնտեղ այս պահին դադարեցված է առաջնությունը: Ինչ վերաբերում է Ա լիգային, ապա առաջնությունը ավարտին կհասցնենք, բայց պետք է արդեն մտածենք հետագայի մասին, քանի որ հնարավոր է,որ այդ ակումբները մյուս տարի այլևս չլինեն:
-Ա ու Բ լիգաների նպատակը ո՞րն է:
-Նպատակը հայ երիտասարդ բասկետբոլիստներին աճեցնել ու ազգային հավաքականին խաղացող մատակարարելն է:
-Հայաստանում աճե՞լ է բասկետբոլի նկատմամբ հետաքրքրվածությունը:
-Միանշանակ, սակայն չունենք անհրաժեշտ քանակի մարզադահլիճներ, դպրոցներ: Բասկետբոլով զբաղվելու ցանկություն ունեցողներից շատերի համար տեղ չկա:
-Հայաստանում բարձրակարգ մարզիչներ շա՞տ ունենք:
-Իրականում, շատ չեն, բայց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան այդ մասին հոգում է: ֆեդերացիան շատ հաճախ սեմինարներ է կազմակերպում՝ հայ մարզիչների որակավորումը բարձրացնելու նպատակով:
-Պետական աջակցության մասին ի՞նչ կասեք:
-Պետական աջակցություն չկա: Ամեն ինչ արվում է մեր, մեր ընկերների ու հովանավորների միջոցներով:
-Դիմե՞լ եք աջակցություն ստանալու ակնկալիքով:
-Այո՛, դիմել ենք ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին: Շատ պատրաստակամ ընդունել է, զրուցել ենք, սպասում ենք պատասխանի: Հուսով ենք՝ սրտացավ մոտեցում կլինի, և մենք այդ աջակցությունը կունենանք:
Աղբյուրը՝ Armsport.am