Կառավարություն

Հայկ Չոբանյանը քննարկում է ունեցել DISQO ընկերության ղեկավարների հետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն այցելել է DISQO ընկերության հայաստանյան գրասենյակ, ծանոթացել աշխատանքային առօրյային, կրթական և վերապատրաստման ծրագրերին, ընկերությունում փորձաշրջանի հնարավորություններին:

«Հանրության առջև հարկավոր է փոփոխության պարտադրանք դնել՝ հետպատերազմյան ճգնաժամն արագորեն հաղթահարելու համար: Հայկական տեխնոլոգիական էկոհամակարգ ձևավորելու նպատակով՝ նոր գաղափարներ, մարտահրավերներ և մտահաղացումներ գեներացնելու պահանջն այսօրեական է»,- նշել է Հայկ Չոբանյանը DISQO ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար կազմի հետ զրույցի ընթացքում։

Ընկերության ինժեներական թիմի տնօրեն Հարություն Բաղդասարյանը նախարարի պաշտոնակատարին է ներկայացրել իրենց կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները, պատերազմի մասնակիցների համար իրականացվող նախաձեռնությունները, պրոդուկտներ մշակելու նոր մոտեցումները, աշխարհահռչակ կազմակերպությունների սպառողական տվյալների հետ տարվող աշխատանքները։

Համավարակի ընձեռած հնարավորություններն արդյունավետ օգտագործելու նպատակով՝ Հայկ Չոբանյանն առաջարկել է ցանցային ընկերություններ ստեղծելու մոդելի վրա աշխատել, և այս առումով մեծապես կարևորել է սփյուռքի շարունակական օժանդակությունը։ Նախարարի պաշտոնակատարը հավելել է նաև, որ այսօր մենք գիտական սերնդափոխության խնդիր ունենք, բարձր մակարդակի տեխնոլոգիական կրթական համալսարաններ ստեղծելու և հայկական տեխնոլոգիական էկոհամակարգ ձևավորելու համար:

Նախարարի պաշտոնակատարն ընկերության աշխատակիցներին հորդորել է ակտիվ մասնակցություն ցուցաբերել հոկտեմբերին կայանալիք տեխնոլոգիական շաբաթի միջոցառումներին:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ