Հոկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպումը նպատակաուղղված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության և տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերի քննարկմանը:
ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակցին ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը, վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները: Տոյվո Կլաարն իր հերթին վերահաստատել է Եվրամիության անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական առաքելությանը և դրա հովանու ներքո ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ջանքերին: Զրուցակիցներն ընդգծել են հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստող միջավայրի հաստատման անհրաժեշտությունը:
Դավիթ Տոնոյանն ու Եվրամիության բարձրաստիճան պատվիրակը անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցերի:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։