ՏՏ

DigiTec-ը կայացած կառույց է, որը ապագայում կներկայացնի Հայաստանը. Կարեն Վարդանյան

ՏՏ-տեխնոլոգիաների DigiTec ամենամյա տարածաշրջանային ցուցահանդեսի մասնակիցների թիվն այս տարի կարող է գերազանցել 100 հազարը: Այս մասին ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների ասոցիացիա հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նա հայտնել է, որ այս տարի լրանում է DigiTec-ի 15 տարին:

«Դա Հայաստանի հազվագյուտ կառույցներից մեկն է, որին հաջողվել է գոյատևել այդքան երկար՝ չնայած բոլոր դժվարություններին»,-նշել է նա:

Վարդանյանը հիշեցրել է, որ 2004 թվականին, երբ ցուցահանդեսն անցկացվում էր առաջին անգամ, մասնակցում էին ընդամենը 30 ընկերություններ, իսկ այցելուների թիվը 4 հազար մարդ էր: Հետագայում ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրությունն աճել է, մեծացել է մասնակիրցների և այցելուների թիվը:

«Անցած տարի ցուցահանդեսն այցելել է 80 հազար մարդ, առաջիկա 3 օրերի ընթացքում մենք հուսով ենք անցնել հարյուր հազարի շեմը»,-նշել է նա:

Վարդանյանը համոզված է, որ DigiTec-ը կայացած կառույց է, որը նաև ապագայում կներկայացնի Հայաստանը և հայ ծրագրավորողների աշխատանքները:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը նշել է Կարեն Վարդանյանի և ասոցիացիայի ներդրումը DigiTec-ի կայացման գործում:

DigiTec ՏՏ տեխնոլոգիաների ամենամյա ցուցահանդեսը կանցկացվի մինչև հոկտեմբերի 9-ը: Այստեղ կարելի է հանդիպել հայ մասնագետների ծրագրավորած պրոդուկտների լայն տեսականուն, ինչպես նաև օտարերկրյա արտադրողների արտադրանքը:

Պրոդուկտները ընդգրկում են ամենատարբեր ոլորտները՝ ռազմական արդյունաբերությունից մինչև գյուղատնտեսություն, առողջապահություն և այլն: Դրանք ներկայացված են հետևալ բաժիններում. համալիր ինժեներական լուծումներ, ՏՏ սարքավորումներ և ՏՏ համակարգեր, ծրագրավորման և վեբ-լուծումներ, բջջային տեխնոլոգիաներ և հավելվածներ, դիզայն և անիմացիա, խաղային տեխնոլոգիաներ և մուլտիմեդիա, տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար:

Ցուցահանդեսին ներկայացված են ArMath ինժեներական լաբորատորիաների դասընթացներին այցելող հայ դպրոցականների գործերը: Երիտասարդ ինժեներները ներկայացրել են իրենց աշխատանքները ռոբոտատեխնիկայի, մասնավորապես, 3D մոդելավորման և 3D տպագրության ոլորտում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ