Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ Առողջապահության նախարարությունից հատուկ ցուցումներ չի ստացել, հետևաբար ուսումնական հաստատություններում դասերը չսկսելու ոչ մի պատճառ չկա, հետևաբար այսօր՝ մարտի 9-ից դասերը վերսկսվել են:
Այս մասին կառավարության մարտի 5-ի նիստում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Ես ամենօրյա կապի մեջ է առողջապահության նախարարի հետ: Առաջիկա օրերին ևս հանրապետությունում սուր շնչառական` կորոնավիրուսային վարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում նոր միջնորդություն չներկայացնելու դեպքում, նախադպրոցական ուսումնական հաստատությունները, դպրոցները, քոլեջները, արվեստի դպրոցները, ուսումնարանները, բուհերը կանցնեն բնականոն աշխատանքային ռեժիմի»,- ասել է ԿԳՄՍՆ նախարարը։
Հիշեցնենք, որ մարտի 2-ից 8-ը նշված ուսումնական բոլոր հաստատությունները փակ են եղել: Հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանով նախատեսված գարնանային արձակուրդները 2-12-րդ դասարանցիների համար մարտի 23-ից 29-ը ներառյալ տեղափոխվել են 2020 թվականի մարտի 2-ից 8-ը ներառյալ, իսկ առաջին դասարանցիների համար՝ մարտի 16-ից 29-ը ներառյալ տեղափոխվել են մարտի 2-ից 8-ը ներառյալ և մարտի 23-ից 29-ը ներառյալ:

