Կորոնավիրուսի համավարակը շարունակում է աշխարհում իր սև գործն անել: Տարվա գլխավոր մարզական իրադարձությունների չեղարկումներից և հետաձգումներից հետո մարզաշխարհը կարծես հետզհետե փորձում է ուշքի գալ նոկաուտից: Շատ մարզաձևերում դեռևս անորոշ են միջազգային մրցաշարերի անցկացման ժամկետները: Ի տարբերություն այլ մարզաձևերի, շախմատն այն եզակիներից է, որը մարզիկներին հնարավորություն է տալիս օնլայն կարգով զբաղվել սիրելի մարզաձևով, և ինչ-որ չափով մնալ տոնուսի մեջ:
Այս առիթով ArmSport-ը զրուցել է Հայաստանի կանանց հավաքականի առաջատար շախմատիստներից մեկի՝ Հայաստանի բազմակի չեմպիոն Մարիա Գևորգյանի հետ:
Մարիա Գևորգյանը շախմատ խաղալ սկսել է 3 տարեկանից: Հենց այդ տարիքից սկսել է սիրել մտքի խաղը և հաճախ ինքնուրույն խնդիրներ է լուծել:
«Շատ էի սիրում խաղալ և եթե տանը հյուրեր էինք ունենում, ստիպում էի, որ շախմատ խաղան ինձ հետ»,-հիշում է Մարիան:
7-ամյա Մարիան սկզբում հաճախել է շախմատի խմբակ, հետո փորձել է շարունակել Շախմատի Ակադեմիայում, սակայն այնտեղ ազատ տեղ չլինելու պատճառով հաճախել է Երևանի Բանգլադեշի շախմատի դպրոց, որտեղ կարճ ժամանակահատվածում արդյունքներ ցույց տալով հրավեր է ստացել Ակադեմիայից: Արդեն 8 տարեկանում Մարիա Գևորգյանը մասնակցել է կանանց առաջին լիգային և առաջին կարգի նորմատիվ լրացրել: Առիթի դեպքում շախմատիստը երբեք չի մոռանում պատմել մանկության այս ուրախալի պահերից մեկը:
«Առաջնության մասնակցիներից մեկն ասաց՝ երեխային իջեցրեք բեմից, որ արդեն սկսենք մրցաշարը՝ չիմանալով որ ես էլ եմ մասնակցիների թվում: Այդ ժամանակ 8 տարեկան էի և ինձնից հետո ամենափոքր մասնակիցը երևի 13-14 տարեկան էր»,-ժպտալով պատմում է Մարիան:
Մարիա Գևորգյանը՝ ձախից 3-րդը
Անուհետև Մարիա Գևորգյանը սկսեց փայլել Հայաստանի առաջնություններում՝ հաղթելով Հայաստանի պատենական մրցաշարերում: 2008 թվականին դարձավ «Չերնոբիլի երեխաները» ուժեղագույն մրցաշարի հաղթող՝ թիմային հաշվարկով և անհատական աղջիկների պայքարում, որին մասնակցում էին մինչև 14 տարեկան շախմատիստները: 2011 թվականին մինչև 18 տարեկան աղջիկների Եվրոպայի առաջնությունում կիսեց 2-3-րդ տեղերը, բայց լրացուցիչ հաշվարկներով բրոնզե մեդալ նվաճեց: Ի դեպ, հաջողությունն ավելի մեծ նշանակություն ուներ, քանի որ մինչ այդ, 18 տարի աղջիկների պայքարում մեր շախմատիստներից ոչ մեկ մեդալ չէր նվաճել Եվրոպայի կամ Աշխարհի առաջնություններում: 2012-ին Մարիա Գևորգյանը նվաճեց Եվրոպայի արագ շախմատի աղջիկների բացարձակ չեմպիոնի կոչումը, 2014-ին թիմային բրոնզե մեդալ նվաճեց աշխարհի ուսանողական խաղերում, իսկ 2016-ին՝ նույն մրցաշարում դարձավ թիմային արծաթե մեդալակիր:
Մարիա Գևորգյանը պապիկի՝ մարզական լրագրող Դերենիկ Գևորգյանի հետ
Դպրոցն ավարտելուց հետո Մարիա Գևորգյանը կարող էր դադարեցնել շախմատիստի կարիերան, քանի որ երկընտրանքի առջև էր կանգնած:
«Շախմատը թողնելու մասին մտածել եմ, երբ ավարտում էի դպրոցը: Ինձ համար շատ դժվար էր ընտրել՝ շախմատ, թե՞ այլ բան, քանի որ քննություն էի հանձնել և Ֆիլադեֆիայում քոլեջ էի ընդունվել և մեծ հնարավորություն ունեի ԱՄՆ-ում ուսումս շարունակելու համար, բայց այդ դեպքում շախմատի հետ խնդիրներ կառաջանային։ Այդ պատճառով որոշեցի մնալ Հայաստանում և շախմատով զբաղվել: Վերջին մի քանի տարում շախմատը թողնելու մասին մտքեր չեմ ունեցել: Կարծում եմ՝ ես դեռ անելիք ունեմ շախմատում»:
Այս օրերին շախմատիստները մասնակցում են օնլայն մրցաշարերի, սակայն Մարիա Գևորգյանի խոսքով՝ դա չի փոխարինում իրական շախմատին:
«Զբաղվում ենք շախմատով օնլայն, բայց դա չի կարող փոխարինել իրականին: Օնլայն մրցաշարերի շատ եմ մասնակցել այս ընթացքում: Մրցաշարերից մի քանիսը լավ խաղացի՝ մրցանակային տեղեր գրավեցի և նաև հաղթող դարձա մեկ այլ օնլայն մրցաշարում, որը կազմակերպել էին արաբները: Ամեն դեպքում մի քիչ կասկած կա, որ մարդիկ օնլայն են խաղում, չես տեսնում՝ ինչ են անում այդ ժամանակ: Չնայած շատ մրցաշարեր խաղացել ենք տեսախցիկը միացրած: Իրական շախմատը լրիվ այլ է, երբ մկնիկին դիպչելու տեղը վերցնում ես իրական խաղաքարերը, դա ուրիշ է: Երբ նայում ես մրցակցիդ աչքերի մեջ, ամեն ինչ փոխվում է: Իսկ տանը նստած օնլայն խաղալ՝ դա լրիվ այլ է և ունի իր դժվարությունները: Փորձում ենք մարզվել սկայպով, բայց ամեն դեպքում եթե մարզվում ես ու չես փորձարկում, դա դժվարացնում է գործը»:
Ազատ ժամանակ Մարիա Գևորգյանը ֆիլմեր է շատ նայում, զբոսնում է գրեթե ամեն օր, այս օրերին հազվադեպ է հանդիպում ընկերների հետ: Սիրում է նաև պարզապես մեքենա վարել: Փորձում է, որքան հնարավոր է հետաքրքիր դարձնել օրերը, մինչև հստակություն կլինի շախմատային մրցաշարերի վերսկսկման ժամկետների շուրջ:
«Ես ինքս փորձում եմ դեռ ոչինչ չպլանավորել: Հիմա հրավերներ ունեմ Հունաստանից, Լեհաստանից, բայց չգիտեմ թռիչքներ կլինեն, թե՞ չէ այդ ընթացքում, հետո չգիտենք՝ ինչպե՞ս կկարողանան այդ մրցաշարը կազմակերպել, որ բոլորս մեզ հանգիստ զգանք: Եթե դիմակով ենք խաղալու, դա էլ իր հերթին է դժվարություն բերելու: Ապրիլին ցանկանում էի Թայլանդում մասնակցել մրցաշարի: Ունեինք նաև մի քանի հավաքներ: Հունիսին պետք է մասնակցեի Ռումինիայում կանանց Եվրոպայի առաջնությանը, որը տեղափոխել են նոյեմբերին, բայց դեռ հայտնի չէ՝ կանցկացվի, թե ոչ: Օգոստոսին պետք է Օլիմպիադան կայանար, սակայն դա էլ հետաձգեցին»,-ասում է Գևորգյանը:
25-ամյա գրոսմայստերի գլխավոր նպատակը կանանց Աշխարհի Գավաթի խաղարկությանը մասնակցելն է:
«Անկեղծ ասած՝ հավակնություններս այն ժամանակ ավելի շատ էին, քան հիմա: Հիմա ցանկանում եմ թիմային պայքարում շատ մեդալներ նվաճել և խաղալ կանանց Աշխարհի Գավաթում: Դրա համար պետք է Եվրոպայի առաջնությունում լավ հանդես գամ: Աշխարհի Գավաթին մասնակցելու հնարավորություն են ստանում ԵԱ-ում լավագույն արդյունք ցույց տված 14 շախմատիստները: Հիմա ամենամեծ նպատակս դա է»,-եզրափակում է Մարիա Գևորգյանը:
Հարցազրույցը` armsport-ի: