fbpx
Մշակույթ

Ֆիլհարմոնիկը վերադարձել է Չինաստանի մեծ շրջագայությունից

«Հյուրախաղերի այս տասնհինգ օրերի ընթացքում դուք մեծ ներդրում կատարեցիք հայ-չինական մշակութային հարաբերությունների զարգացման գործում»: Այսպիսի խոսքերով դիմեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին (ՀԱՖՆ) Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սերգեյ Մանասարյանը՝ հյուրախաղերի վերջին օրը դեսպանատան կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ:

Այս տարի, ՀԱՖՆ-ը 2020թ.-ը դիմավորեց Չինաստանում, որն այսօր դասական կատարողական արվեստի կարևորագույն կենտրոններից է: ՀԱՖՆ-ը երբևէ Չինաստան այցելած ամենամեծ հայկական պատվիրակությունն է: Մեր Ազգային ֆիլհարմոնիկը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, Չինաստանի ինը կարևորագույն քաղաքներում հանդես եկավ տաս համերգով: Նրանց օվացիաներով դիմավորեցին Շանհայի Մեծ թատրոնից մինչև Պեկինի արվեստների ազգային կենտրոն: Էդուարդ Թոփչյանը նշում է. «Հյուրախաղերը շատ մեծ քայլ էին նվագախումբը հսկայական չինական մշակութային դաշտում ներկայացնելու գործում, այն էլ այսպիսի ծավալուն համերգային ծրագրով: Հիմնականում հանդես եկանք սիմֆոնիկ ստեղծագործություններով, ինչը մեծ պատասխանատվություն էր նվագախմբի համար, բայց և հնարավորություն՝ ցույց տալու նվագախմբի երաժիշտների բարձր որակն ու պատրաստվածությունը: Տաս համերգներից միայն չորսում մեզ միացավ չինացի կլարնետահար Թոնի Շենը, որի հետ կատարցինք Մոցարտի Կլարնետի կոնցերտը»:

Համերգային ծրագրի զարդը մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ‹‹Դիմակահանդես›› և «Սպարտակ»-սյուիտներն էին, հնչեցին նաև Չայկովսկու «Շչելկունչիկ», Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետներից հատվածներ, Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե» աիմֆոնիկ սյուիտը, Չայկովսկու թիվ 5 սիմֆոնիան:

ՀԱՖՆ-ի հյուրախաղերին բուռն կերպով արձագանքեց նաև չինական մամուլը, մասնավորապես Chinadaly, Chinanews, China.org.cn, Sohu.com, Xinhuanet պարբերականները: Պեկինում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ՀԱՖՆ-ի հյուրախաղերի կազմակերպիչներից Ռեյ Արմսթրոնգը խոստովանեց. «Հայաստանն ունի հիանալի դասական կոմպոզիտորներ, որոնց երաժշտությունը ողողված է ազգային կոլորիտով: Իսկ այս նվագախումբը (ՀԱՖՆ-ը) այսօր Արևելյան Եվրոպայի լավագույն նվագախմբերից: Ես մեծ ոգևորությամբ կնպաստեմ հայկական նոր նախագծերի ներկայացմանը Չինաստանում, ինչպես նաև չինական մշակույթի ներկայացմանը Հայաստանում»:

Հյուրախաղերը լի էին նաև հուզիչ դրվագներով, որոնցից մեկը Սյամին քաղաքում կազմակերպված ֆլեշմոբն էր: ՀԱՖՆ-ի լարային խմբի և ֆլեյտաների խմբի երաժիշտները քաղաքի կենտրոնում կատարեցին Խաչատրյանի «Դիմակահանդեսից» մի հատված: Ֆլեշմոբին մեծ ոգևորությամբ արձագանքեցին անցորդները, ովքեր արագ շրջապատեցին երաժիշտներին և սկսեցին տեսագրել կատարումը:

Համերգային այս խիտ ժամանակացույցի հետ մեկտեղ դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և նվագախմբի կոնցերտմայստեր, ջութակահարուհի Կարմեն Թոսունյանը ժամանակ հատկացրեցին նաև երիտասարդ երաժիշտներին՝ հանդես գալով վարպետության դասերով:

Հյուրախաղերի եզրափակիչ համերգը կայացավ հունվարի 9-ին՝ Չինաստանի սրտում՝ մայրաքաղաք Պեկինի արվեստների ազգային կենտրոնում: ՀԱՖՆ-ի այս համերգին կհաջորդի 2020թ.-ին Չինաստանում Հայաստանի մշակութային օրերի միջոցառումների շարքը:

ՀԱՖՆ-ի Չինաստանի հյուրախաղերը կայացան Armstrong International Music (Չինաստան) և Wright Music Management (Անգլիա) գործակալությունների միջնորդությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ՀՀ-ում Չինաստանի և Չինաստանում ՀՀ դեսպանությունների և ՀՀ արտաքին գործերի նախարարության մասնակցությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ