fbpx
Խորհրդարան

Գյուղացուն շահույթ է մնում 6 ամիս հողի հետ չարչարվելը. Սասուն Միքայելյանը հարց ուղղեց վարչապետին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը փետրվարի 13-ին խորհրդարանում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ մեր երկրում խորհրդարանակա՞ն կառավարման ինստիտուտն է ճիշտ, թե՞ նախագահական: Նա բարձրաձայնեց մի խնդրի մասին՝ գյուղմթերքը գյուղացուց գնվում է չնչին գներով, իբրև օրինակ Միքայելյանը հայտնեց, որ անցյալ տարի Վարդենիսում, Մարտունիում գյուղացուց 60 դրամով կարտոֆիլ են գնել, արդյունքում ստացվում է, որ գյուղացուն շահույթ է մնում 6 ամիս հողի հետ չարչարվելը: Նույնն է նաև մսի արտահանման ժամանակ: Պատգամավորը նաև անդրադարձավ քարածուխի ու վառելափայտի ներկրման խնդիրն, որ մեր երկրում երկար տարիներ է կա, նա առաջարկով հանդես եկավ՝ կարող է բրիկետներ ներկրել:

Խորհրդարանական կառավարման համակարգի վերաբերյալ Փաշինյանն ասաց, որ այն դեռ պետք է աշխատի:

«Ես հիմա Սահմանադրությամբ Կառավարության ծրագիրն եմ ներկայացնում, լայն և բուռն քննարկում է տեղի ունենում, հետո ծրագրի կատարման զեկույց է լինելու, ԱԺ-ի հետ հարցուպատասխան, բյուջեի կատարողական, բյուջեի նախագծի քննարկում: Ես անկեղծ ասացի ԱԺ նախագահին՝ եթե այս առիթները չունենայի և լինեի այն լիազորություններով հանրապետության նախագահ, այդ վիճակին չէի դիմանա, ինձ, որպես հրապարակային քաղաքական գործիչ, անհրաժեշտ է լինել այս հարթակներում, ամբիոններում, լսել այս հարցերը, ստանալ պատասխաններ, գաղափարները անընդհատ հանրության հետ կիսելու հնարավորություն ունենալ»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ թեպետ նախագահի համար ևս այդ հնարավորությունները կան, բայց սահմանափակ են, պատգամավորները, օրինակ` նախագահին հարց տալու առիթ չունեն, ինչը, նրա գնահատմամբ, շատ վատ է: Կառավարության ղեկավարի գնահատմամբ՝ այս քննարկումները շատ կարևոր են, մանավանդ եթե մենք՝ որպես ժողովրդավար երկիր, զարգանում ենք: Փաշինյանը կրկին նշեց՝ եթե նույնիսկ սուպերմեն լինի վարչապետը, այդ ամենը չի կարող վերահսկել, ուստի խորհրդարանական վերահսկողությունը կարևոր է, դրա ամենամեծ շահագրգիռը պետք է լինի վարչապետը, եթե կոռումպացված չէ, եթե այդ ամենի գլխին կանգնած չէ, որպեսզի կառավարության աշխատանքն ավելի արդյունավետ լինի:

Փաշինյանն ասաց, որ գյուղացիների հետ կապված մտահոգությունը կիսում է, նշեց՝ նախկինում էլ՝ պատգամավոր եղած ժամանակ, հիմա էլ այն կարծիքին է, որ դրա համար գյուղացիները պետք է խմբավորվեն, ստեղծեն միավորումներ, ասոցիացիաներ, որ կարողանան, օրինակ` կարտոֆիլի գնի որոշման հարցում դեր ունենալ, այսինքն՝ կարտոֆիլագործների ասոցիացիա պետք է լինի, որը շուկայում բանակցող ներկայացուցիչ ունենա, հիմա միջնորդներն են գումար աշխատում:

Վառելիքի մասին վարչապետն ասաց, որ այս օրերին բնապահպանության նախարարի հետ քննարկեցին, որ վարկային քաղաքականությամբ պետք է խրախուսեն Հայաստանում խոտից, ծղոտից, թղթի մակուլատուրայից ստացվող բրեկետների և պելետների արտադրությունը, որը որպես վառելիք շատ արդյունավետ է:

«Ներկրորղը, եթե Հայաստանի շուկայում մրցունակ որևէ ապրանք կարող է ներկրել, շատ լավ կլինի»,- ասաց նա:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ