Կառավարություն
23:30 02/06/2020

Պետք է հետևենք հակահամաճարակային կանոններին ամենաչոր ձևով․ վարչապետ

Այսօրվա ճեպազրույցի ժամանկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ իրենց իշխանության ծագումնաբանությունը, ըստ էության, աշխատում է իրենց դեմ:

«Գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ օրինակ՝ կանոնների խախտումների արձանագրման որակի և կոշտության հետ էլ պրոբլեմ ունենք»,- ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետը։

Վարչապետի խոսքերով՝ ՀՀ-ում 2018 թվականի իրադարձություններից հետո վախի մթնոլորտը զրոյացել է, բայց դրա փոխարեն, օրինապահության մթնոլորտը դեռ պատշաճ աստիճանի և մակարդակի չի հասել։

«Այս ամեն ինչը սրվում է երկրում հաստատված այն մթնոլորտով, որ ենթադրենք, վարունգի կամ պոմիդորի կամ որևէ այլ վաճառքի կետ շատ չոր կերպով փակվի, ի հայտ կգան մեկնաբանություններ, որ, ըստ ամենայնի, երկրի վարչապետը որոշել է պոմիդորի կամ կանաչիի կամ կոշիկի մենաշնորհ հաստատել, և այսօր ստանում ենք այս իրավիճակը»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ հակահամաճարակային կանոնները պետք է հետևել ամենակոշտ և չոր ձևով՝ հաշվի չառնելով ոչ մի փաստարկ:

«Մեր քաղաքացիները պետք է նախապես մտածեն այդ մասին, որպեսզի հետագայում խուսափի բիզնես-ռիսկերից:

Պետք է հետևենք հակահամաճարակային կանոններին ամենաչոր ձևով՝ հաշվի չառնելով ոչ մի սենտիմենտ ու փաստարկ, զգացմունքային պահ։ Ըստ էության, մենք կանգնած ենք հետևյալ հանգրվանի առաջ՝ կա՛մ կանոնները չեն պահպանվում, և մենք գնում ենք նորից համատարած արգելափակումների՝ զուգորդելով դրանք պարետային ժամով և այլն, երկիրը ենթարկելով նոր տնտեսական ցնցումների, կա՛մ մենք միասին, իրար հետ համագործակցելով հսկողության տակ ենք առնում այս իրավիճակը և շատ արագ արձանագրում արդյունքներ: Սա է մեր ընտրությունը»,- հավելեց վարչապետը՝ ընդգծելով, որ որոշում կայացնելու համար ընդամենն օրեր ունենք:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ