fbpx
Կրթություն

Հիմքում՝ երեխայի կարողությունների վրա հիմնված մոտեցումն է․ հաստատվել է նախադպրոցական կրթության չափորոշիչը

ՀՀ կառավարությունը մայիսի 13-ին հաստատել է նախադպրոցական կրթության պետական չափորոշիչը, որով սահմանվում են երեխայի զարգացման, կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, երեխաների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը և երեխաներին ներկայացվող որակական պահանջները, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։

Նախադպրոցական կրթության չափորոշչի փոփոխությունը պայմանավորված է հանրակրթության պետական նոր չափորոշչի ընդունմամբ, որտեղ նախադպրոցական կրթությունը դիտարկվում է հանրակրթության նախնական աստիճան և նպատակ ունի ապահովել նախադպրոցական կրթության համակարգից երեխայի սահուն անցումը դեպի հանրակրթություն:

Չափորոշչի հիմքում նախադպրոցական տարիքի երեխաների կարողունակությունների վրա հիմնված մոտեցումն է: Այն ներառում է, մասնավորապես, ուսումնադաստիարակչական հիմնական բնագավառները, կրթական ծրագրի բաղադրիչները և դրանց սահմանման մանկավարժահոգեբանական սկզբունքները, երեխաների ուսումնական, խաղային բեռնվածության առավելագույն չափը կամ դրանց հարաբերակցությունը, երեխաների զարգացման ընթացքի և առաջադիմության մակարդակի դիտարկման ձևերը:

Չափորոշիչը հանդիսանում է երեխայակենտրոն կրթության հիմքը և երեխաների կարիքներին ու հետաքրքրություններին արձագանքելու, յուրաքանչյուր երեխայի անձը հարգելու, համատեղ ուսումնառության գործընթացը խթանելու հնարավորություն է ընձեռում:

Չափորոշչով սահմանված են երեխայի լեզվական և հաղորդակցական, ֆիզիկական կրթության, առողջ ապրելակերպի, ճանաչողական, սոցիալական, քաղաքացիական, թվային, մեդիա, մշակութային, մաթեմատիկական և տեխնիկական և այլ կարողունակությունները:

Նախարարությունից հավելում են, որ համաձայն «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունների` նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատող մասնագետները պետք է շարունակական վերապատրաստումներ անցնեն` տարեկան առնվազն 1/5-ի չափով:

Նախադպրոցական կրթության նոր չափորոշիչը նաև հիմքեր է ստեղծում ոլորտում համընդհանուր ներառականության անցման համար:

Համաձայն Կառավարության ապրիլի 15-ի նիստում հաստատված գործողությունների պլանի և ժամանակացույցի` մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը նախադպրոցական կրթության ոլորտում պետք է ներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգ, որը կիրականացվի երկու փուլով։ 2021-2022 թթ.-ին նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը կներդրվի Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և մայրաքաղաք Երևանում, իսկ 2022-2023 թթ.-ին՝ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ