fbpx
Մշակույթ
23:20 30/10/2019

Հայ ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնն այս տարի նվիրված է Կոմիտասի 150-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ 2019 թվականի հոկտեմբերի 31-ին կմեկնարկի Հայ ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված է Կոմիտասի 150-ամյակին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ նախագծի շրջանակում տեղի կունենա 4 համերգ:

Հոկտեմբերի 31-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ. կհնչեն Կոմիտասի, Գագիկ Հովունցի, Ստեփան Շաքարյանի, Յուրի Հարությունյանի ստեղծագործությունները: Սա յուրատեսակ խոնարհում է ու ավանդույթ՝ ՀԿՄ փառատոներում ևս մեկ անգամ հիշելու դեռ վերջերս մեր կողքին ապրող ու ստեղծագործող հայ հեղինակներին: Այդ օրը կհնչեն նաև ՀԿՄ անդամ կոմպոզիտորներ Դավիթ Սաքոյանի, Երվանդ Երկանյանի, Արսեն Հարությունյանի, Արթուր Միտինյանի և Աննա Զաքարյանի ստեղծագործությունները: Համերգային երեկոյի ընթացքում հանդես կգան Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի երաժիշտները՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սեդրակ Երկանյանի գլխավորությամբ:

Փառատոնի երկրորդ համերգը տեղի կունենա նոյեմբերի 19-ին ժամը 19:00-ին, ՀԲԸՄ համերգասրահում. կհնչեն Էդուարդ Հայրապետյանի, Արամ Հովհաննիսյանի, Զոհրաբ Փարեմուզյանի, Կոնստանտին Պետրոսյանի, Մարտին Ուլիխանյանի, Դավիթ Բալասանյանի, Հովհաննես Մանուկյանի ստեղծագործությունները:

2 օր անց՝ նոյեմբերի 21-ին, ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության տանը կկայանա երգչախմբային համերգ. կհնչեն Կոմիտասի, ինչպես նաև Աննա Ազիզյանի, Արմենուհի Կարապետյանի, Վահրամ Սարգսյանի, Աշոտ Ղազարյանի, Արտաշես Քարտալյանի երգչախմբային ստեղծագործությունները. հանդես կգա «Արահետ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Տանյա Մինասյան) և «Hi music band»-ը (գեղարվեստական ղեկավար՝ Վահե Հայրապետյան):

Նախագիծը կեզրափակվի դեկտեմբերի 9-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային կազմը՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ կհնչեցնի Միխայիլ Կոկժաևի, Կարեն Անանյանի, Նարինե Զարիֆյանի, Անահիտ Կոստանյանի և Արփինե Կալինինայի՝ կամերային նվագախմբի համար գրված ստեղծագործությունները:

Երեկոյի ընթացքում կհնչեն նաև տարվա հոբելյար կոմպոզիտորներ Ավետ Տերտերյանի և Սերգեյ Աղաջանյանի ստեղծագործությունները:

Մուտքն ազատ է:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ