fbpx
Հասարակություն

Հայաթ հյուրանոցում կրակոցներ են հնչել

Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 04։00-ին ահազանգել է Ոստիկանություն, որ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի վերջնամասում գտնվող«Հայաթ» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում, հատակին հայտնաբերվել է կնոջ դի։

Ոստիկանները նշված հյուրանոցային համալիրի առաջին հարկում հայտնաբերել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 33-ամյա Անժելա Ի.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա մահացել է ծնոտի մասում ստացած հրազենային վնասվածքից։

Այնուհետև, ժամը 04։50-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում, որ «աջ արմնկային շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 33-ամյա Արթուր Ն.-ն է, որը հիվանդանոց է տեղափոխվել նույն «Հայաթ» հյուրանոցային համալիրից։

Ոստիկանները հյուրանոցում հայտնաբերել են «ԱԿՍ» տեսակի 5.45 մմ տրամաչափի հրազեն, 4 կրակված և 1 չկրակված պարկուճ և 2 դանակ, որոնցից մեկը՝ խոհանոցային։ Առաջին հարկի մի քանի սենյակներում՝ թե հատակին, թե պատերին, արնանման հետքեր էին, իսկ այն սենյակում, որտեղ հայտնաբերվել է դին, պատերին առկա էր կրակոցի հետքեր։

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրում հավաքվածներն ֆոտոլրագրողին ասել են, որ մահացածը նշված հյուրանոցային համալիրի տնօրենն էր

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ