fbpx
Հասարակություն

Ապրող նամակն ու չապրած կյանքը. 44-օրյա պատերազմի հերոս Արգամ Սելիմյանն անմահացել է Դիանա Հակոբյանի գրքում

«Ապրող նամակն ու չապրած կյանքը». այսպես է վերնագրված, 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված, Արգամ Սելիմյանի մասին պատմող գիրքը:

Արգամ Սելիմյանը ծնվել է 2001 թվականի նոյեմբերի 28-ին Լոռու մարզի Բազում գյուղում։ 2020 թվականի հուլիսի 16-ին նա ծառայության է անցել Տավուշի մարզի Մեհրաբ համայնքի զորամասում։ Սակայն հուլիսյան մարտերի ժամանակ նորակոչիկներին տարել են Դուցի զորամաս։

2020 թվականի հոկտեմբերի 14-ից Արգամը թեժ մարտեր է վարել Արցախի Շեյխեր և Կարմիր շուկա բնակավայրերում ու հերոսաբար զոհվել հոկտեմբերի 29-ին հակառակորդի ԱԹՍ-ի հարվածից։

«Միշտ վախեցել եմ կորցնել եղբորս մարդաշատ վայրերում, հենց դա էր պատճառը, որ մանկապարտեզից սկսած՝ ձեռքս բռնում էր, որ չվախենամ, իսկ հիմա` եղբորս զոհվելուց ու կորստիցս հետո ուշքի չեմ գալիս, բայց ինքս ինձ խոստացել եմ անել ամեն բան, որ եղբորս հիշատակն անմահացնեմ»,- եղբոր համար գրված գրքի մասին զրույցն այսպես է սկսում Արգամի քույրը` Մերին:

Մերիի ու Արգամի տարիքային տարբերությունը մեկ տարի է, բայց Մերին ասում է՝ եղել են երկվորյակների պես։ «Իմ կյանքը բաժանվել է երկու մասի` պատերազմից առաջ ու պատերազմից հետո: Պատերազմի ավարտից հետո ես չեմ ապրում, ես ու իմ նման քույրերը, զոհված հերոսների հարազատներն ուղղակի գոյատևում ենք: Եղբորս կորստից հետո միակ բանը, որ ինքս ինձ խոսք տվեցի, սա է` անել ամեն բան, որ եղբորս մասին հուշերը հավերժանան»,- ասում է Մերին:

Մինչ գիրք գրելու գաղափարը` Մերին եղբոր մասին տարբեր նյութեր է պատրաստել, խոսել է շատ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որ եղբոր մասին հոդվածներ պատրաստեն: Ասում է` սկզբում ինքն է մտադրված եղել գիրք գրել, բայց հետո հասկացել է, որ ավելի լավ կլինի` հեղինակն այլ մարդ լինի:

«Ապրող նամակն ու չապրած կյանքը» գրքի հեղինակը Դիանա Հակոբյանն է: Դիանան նաև «Անհավատալի երազ» գրքի հեղինակն է, որի հերոսը 44-օրյա պատերազմում քաջաբար զոհված` Մխիթար Գալեյանն է:

«Բախտի բերմամբ, ծանոթացա Դիանա Հակոբյանի հետ: Մեր ծանոթությունից որոշ ժամանակ անց լույս տեսավ Մխիթար Գալեյանի մասին գիրքը, ու նա ինձ խոստացավ, որ եղբորս մասին էլ գիրք կգրի»,- պատմում է Մերին:

Գրքում ներկայացված են Արգամի ու քրոջ` Մերիի մանկության, պատանեկության զվարճալի պատմությունները: Ընթերցողն ամեն տողում զգում է քրոջ ու եղբոր կապվածությունը:

«Ես ու Դիանան օրուգիշեր ամեն բան արել ենք, որ գիրքը լավ ստացվի: Դիանան ինձ օգնեց, իհարկե, խոչընդոտներ եղան, բայց մենք ամեն բան հաղթահարեցինք ու 2021 թվականի հոկտեմբերի վերջին գիրքը լույս տեսավ: Միշտ վախեցել եմ, որ մի տարիք կգա, ու հիշողությունս կկորցնեմ, ու շատ շնորհակալ եմ Դիանային, որ Արգամիս մասին բոլոր հիշողություններս հանձնեց թղթին, և այն հավերժ կմնա բոլորիս մտքերում: Գրքում մեր մանկության տարիներից սկսած պատմել ենք, մեր դպրոցական տարիներից, իհարկե, նաև այդքան սպասված ավարտական տարվանից»,- պատմում է Մերին:

Գրքի վերնագիրը ևս պատահաբար չէ ընտրված: Երբ Արգամը ծառայում էր, Մերին նամակ է գրել եղբորը, իսկ Արգամը խոստացել է, որ նամակը պահելու է, ու երբ վերադառնա միասին բարձրաձայն կարդալու են: Ցավոք, Արգամը զոհվեց պատերազմում, բայց Մերիի նամակը դեռ ապրում է, դա է պատճառը, որ գիրքը վերնագրվել է այսպես` «Ապրող նամակն ու չապրած կյանքը»:

Նամակը Արգամի ընտանիքին մարտական ընկերն է փոխանցել զինվորի վերջին իրերի հետ: Քրոջ նամակը եղբայրն իր հետ նույնիսկ ռազմաճակատ է տարել:

«Նամակս հիմա էլ կա, ու ամեն անգամ տեսնելիս եղբորս շունչն եմ զգում, որովհետև նա ամեն օր այդ նամակը բացել ու կարդացել է»,- ասում է Մերին:

Գրքում բացի քրոջ ու եղբոր մասին պատմություններից ներկայացված են նաև Արգամի մանկության ու մարտական ընկերների, հրամանատարների պատմածները:

Մերին վստահեցնում է, այն մարդիկ, ովքեր հարազատ են կորցրել պատերազմում, գիրքը կարդալով, ավելի ուժեղ կդառնան: Ասում է` ինքն էլ չի հիշում, թե քանի անգամ է արդեն կարդացել: «Երբ թուլանում եմ ու կոտրվում, նորից ու նորից եմ կարդում, որ ուժերս չսպառվեն»,- հուզմունքով ասում է Մերին:

Մերին, փակագծերը չբացելով, ասում է` գրքի վերջում հրաշք է կատարվում, և պատմությունն ունենում է հեքիաթային ավարտ: «Երբ կարդան գրքի վերջը բոլորը կհամոզվեն, որ մեր հերոսները մշտապես մեր կողքին են»,- վստահեցնում է Մերին:

Դիանա Հակոբյանի` «Ապրող նամակն ու չապրած կյանքը» գիրքը լույս է տեսել 100 տպաքանակով ու Երևանի շատ գրախանութներում առկա է:

Զրույցն ավարտելիս Մերին ասում է, քանի ինքը կա ամեն բան պետք է անի, որ եղբորը հիշեն թե՛ ներկա, թե՛ ապագա բոլոր սերունդները: «Կանեմ ամեն բան, որ հերոսիս հիշատակն անմահանա»:

Շողիկ Կակոյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ