Հայաստանի կառավարությունը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային:
Այս մասին որոշումը ընդունվեց Կառավարության մարտի 27-ի նիստում։
Ըստ ՀՀ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանի՝ Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված շուրջ 1,5 միլիոն մարդու սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ կառավարությունը կտրամադրի մթերք և դեղորայք՝ ապահովելով մարդկանց առաջնային կարիքները։
Կառավարության պահուստային ֆոնդից այդ նպատակով 19 մլն դրամ կհատկացվի։ Տեղափոխությունը Հայաստանից Եգիպտոս կկատարի ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ հումանիտար աջակցության մասին ինքը հայտարարել էր Եգիպտոս այցի ժամանակ:
«Այնտեղ լոգիստիկայի հետ կապված հարցեր կային, և մենք այս հումանիտար աջակցությունը հենց Գազայի բնակչությանը հասցնելու հարցում նաև Եգիպտոսի կառավարության աջակցության կարիքն ունենք, և այցի ընթացքում այդ պայմանավորվածությունը ձեռք բերեցինք, որովհետև իրադրության պատճառով չենք կարող բեռը հասցնել ուղիղ՝ հենց Գազայի գոտի և հենց շահառուներին»,- նկատեց նա:
Փոխնախարար Արփինե Սարգսյանն էլ նշեց՝ Եգիպտոսի կառավարության հետ բոլոր պայմանավորվածություններն արդեն ձեռք են բերվել, բեռը կուղարկվի այնտեղ, և Եգիպտոսից կօժանդակեն, որ այն հասցվի Գազայի բնակչությանը։
