Օգոստոսի 22-ի օրվա երկրորդ կեսին միջնակարգ դպրոցների հարյուրավոր աշակերտներ են հակակառավարական ցույցի հավաքվել Հոնկոնգի գործարար կենտրոնում: Այս մասին հայտնում է տեղի հեռուստատեսությունը:
Սև շապիկներ հագած բարձրդասարանցիները շոգին նստած են հովանոցների տակ Ցենտրալ շրջանում և իրենց հանգիստ են պահում: Նրանք բռնել են «Պայքարում ենք հանուն մեր ապագայի» թռուցիկներ և կարգախոսներ: Ոստիկանությունը հավաքվածներին ցրելու ջանքեր չի գործադրում:
Դեռահասներից շատերը պատմել են, որ ակցիայի մասին իմացել են սոցիալական ցանցերից: Ցուցարարներն առաջադրում են հինգ պահանջ, այդ թվում՝ արտահանձնման օրենքի լիակատար և վերջնական հետկանչում, ոստիկանության գործողությունների հետաքննության համար անկախ հանձնախմբի ստեղծում, բողոքի ակցիաների բոլոր ձերբակալված մասնակիցների ազատում:
Նրանք պահանջում են՝ այլևս իրենց գործողությունները չդասակարգել որպես զանգվածային անկարգություններ, ինչպես նաև հանդես են գալիս Հոնկոնգում ուղղակի դեմոկրատական ընտրությունների սահմանման օգտին:

