Իրավական

ՀՔԾ-ի պատասխանը չի հետաքրքրում, առաջարկս ուղղված է վարչապետին․ Գևորգ Կոստանյան

Հատուկ քննչական ծառայությունը դարձյալ կոչ է անում Մարտի 1-ի գործով մեղադրյալ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ներկայանալ և իր ունեցած տեղեկությունները հայտնել նախաքննական մարմնին օրենքով նախատեսված ընթացակարգերի շրջանակներում, այլ ոչ թե հրապարակային ելույթներով և հայտարարություններով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՔԾ-ն՝ անդրադառնալով ավելի վաղ Գևորգ Կոստանյանի արած հայտարարությանը։

ՀՔԾ-ի հաղորդագրությունում նախ հիշեցում է արվում, որ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի քրեական գործով ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, իսկ նախաքննական մարմին-մեղադրյալ հարաբերությունները կարգավորվում են բացառապես քրեական դատավարության օրենսգրքի նորմերով, համաձայն որոնց՝ «մեղադրյալի, տվյալ դեպքում՝ Գ. Կոստանյանի կամ նրա պաշտպանի խնդրանքը՝ ուղղված վարույթն իրականացնող մարմնին, պետք է ունենա միջնորդության ձև, որը դատավարական ընթացակարգերին համապատասխան ներկայացնելու դեպքում օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կքննարկվի վարույթն իրականացնող մարմնի կողմից»:

«Այսինքն՝ առնվազն տարակուսելի է, որ ժամանակին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնն զբաղեցրած Գ. Կոստանյանը հանդես է գալիս քրեական գործի վերաբերյալ հրապարակային քննարկում կազմակերպելու անիրատեսական առաջարկով, ինչը կարող ենք գնահատել որպես քննությանը չներկայանալու հերթական պատրվակ»,-հայտարարում է ՀՔԾ-ն:

Ինչ վերաբերում է Գևորգ Կոստանյանի այն հայտարարությանը, որով վերջինս պատրաստակամություն է հայտնել իր ունեցած տեղեկատվությամբ աջակցել Մարտի 1-ի գործով 10 անձանց մահվան հանգամանքների բացահայտմանը, ապա Հատուկ քննչական ծառայությունը նշում է՝ նման հնարավորություն նախկին դատախազն արդեն իսկ ունեցել է քրեական գործով որպես վկա հարցաքննության ժամանակ:

«Չնայած դրան եթե նա իսկապես ազնիվ է քրեական գործի նախաքննությանն աջակցելու իր նպատակներում, ապա Հատուկ քննչական ծառայությունը կրկին կոչ է անում վերջինիս ներկայանալ և իր ունեցած տեղեկությունները հայտնել նախաքննական մարմնին օրենքով նախատեսված ընթացակարգերի շրջանակներում, այլ ոչ թե հրապարակային ելույթներով և հայտարարություններով»,-նշում են ՀՔԾ-ից:

168.am-ի հետ զրույցում ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ասել է, որ ինքը ՀՔԾ-ից պատասխան չի սպասել ու չի ակնկալել, հետևաբար՝ իրեն չի էլ հետաքրքրում, թե ինչ են պատասխանել ՀՔԾ-ից:

«Ես առաջարկն արել եմ վարչապետին ու նրանից էլ սպասում եմ պատասխան»,- ասել է Գևորգ Կոստանյանը՝ հավելելվո․ «Այո, նախաքննական մարմին-մեղադրյալ հարաբերությունները կարգավորվում են բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերով, սակայն այն պահից, երբ նախաքննական մարմինը դրանք հրապարակային դարձրեց, ես ինձ իրավունք եմ վերապահել նույն կերպ ինքս էլ վարվել: Այո, նախաքննական մարմին-մեղադրյալ հարաբերությունները կարգավորվում են օրենքով, բայց նույն օրենսգրքով սահմանված չէ, որ ՀՔԾ-ն պետք է հայտարարություն տարածի մեղադրանքի ողջ ծավալով: Իրենք դուրս են եկել Քրեական դատավարության կարգավորումից և ինձ մեղադրել են հրապարակայնորեն, հետևաբար՝ ես էլ պահանջում եմ նույն իրենց որդեգրած սկզբունքի սահմաններում, նույն հանրությանը հրապարակային պատասխանել՝ ունե՞ն գոնե մեկ ապացույց, թե՞ ոչ, որովհետև ես պնդում եմ, որ ոչ մի ապացույց չունեն, և մեղադրանքը կեղծ է»:

Ավելի վաղ նախկին գլխավոր դատախազը հայտարարություն էր տարածել. «Չնայած այն հանգամանքին, որ առաջադրված մեղադրանքը զուրկ է որևէ իրավական, տրամաբանական և առարկայական հիմքից, հայտնում եմ իմ պատրաստակամությունը վաղը ևեթ վերադառնալ Հայաստան և հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին»։

Կոստանյանն առաջարկել է կազմակերպել հրապարակային քննարկում վարչապետի մոտ կամ իր մասնակցությամբ ուղիղ հեռարձակմամբ՝ ՀՔԾ պետի և Գլխավոր դատախազի, իրավաբան գիտնականների և միջազգային փորձագետների մասնակցությամբ, ինչպես նաև որ քննարկմանը հրավիրվեն Հայաստանում ԵԽ և ԵՄ ներկայացուցիչները և այլ դեսպաններ։

Հարցերին հրապարակային պատասխանելու Կոստանյանի պահանջը պայմանավորված է երկու հիմնական պատճառով, ինչպես նշել է նա.

«1. Մարտի 1-ի գործի հասարակական քննարկումը ընդգծված և միակողմանի հրապարակայնությամբ, այդ թվում՝ միջազգային հարթակներում և տարբեր երկրների դեսպանների մակարդակով,

2. իրավապահ մարմինների ներկայիս գործելաոճով: Իրավապահ մարմինները ԶԼՄ-ներով առանց որևէ հիմնավորում ունենալու, հրապարակում են մեղադրանք առաջադրելու որոշումներ և այլ դատավարական փաստաթղթեր, իսկ իշխանական լրատվամիջոցները բացառապես միակողմանի լուսաբանելու միջոցով հասարակության մոտ ստեղծում են կոնկրետ մարդկանց մեղավորության տպավորություն, պատրանք՝ թաքցնելով իրական հանգամանքները, ինչն եղավ նաև իմ դեպքում»:

Կոստանյանի հայտարարությունում ասված է նաև. «Իմ առաջարկը պայմանավորված է նրանով, որ ես անգամ պատրաստ եմ վերադառնալ՝ լավ գիտակցելով, որ այդ խորհրդակցությունից հետո ինձ կալանավորելու են, բայց մեր հասարակությանը պետք է հարց և պատասխանի միջոցով տեղեկացնել ոչ միայն ինձ մեղադրանք առաջադրելու հիմքերի և պատճառների, այլև՝ Մարտի 1-ի գործի հատկապես կարևոր այն հանգամանքները, որոնք հանրությունից թաքցվում են նախաքննության գաղտնիքի անվան տակ: Հետևաբար, ես առաջարկում և պնդում եմ, որ իրենց որդեգրած սկզբունքով (բաց և թափանցիկ) Ձեզ պետք է հիմնավորեն իրենց հրապարակած փաստաթղթերի բովանդակությունը, քանի որ առանց որևէ ապացույցի կարելի է անել ցանկացած հայտարարություն և մեղադրել ցանկացածին և ամեն ինչում։ Ընդ որում, այս իմաստով, իրավապահ մարմինների նախկին «բաց, թափանցիկ, ժողովրդական և հրապարակային» գործելաոճը փոխվեց «նախաքննական գաղտնիք»-ի անվան տակ: Սակայն այս հարցով նախաքննության գաղտնիք այլևս չկա, քանի որ ՀՔԾ հաղորդագրությամբ հրապարակվել են ոչ միայն գործի հանգամանքները, այլև՝ անգամ վկաների անունները և իրենց ցուցմունքներն ըստ էության: Իսկ թե ինչ ցուցմունքներ են տվել այդ վկաները և ինչի դիմաց, ես կհայտնեմ հրապարակային խորհրդակցության ընթացքում»:

Նախկին գլխավոր դատախազը շեշտել է, որ եթե նշված հրապարակային քննարկման ընթացքում իրավապահ մարմիններին կհաջողվի ներկայացնել իրեն առաջադրված մեղադրանքը հիմնավորող և հաստատող քիչ թե շատ ողջամիտ գոնե մեկ ապացույց կամ հիմնավորում, ապա պատրաստ է կրել քրեական պատասխանատվություն՝ օրենքի ողջ խստությամբ:

Դիմելով Մարտի 1-ի բոլոր տուժողներին, նրանց հարազատներին, ինչպես նաև այս գործի բացահայտմամբ իսկապես մտահոգ քաղաքացիներին՝ նա նշել է. «Մի՞թե պարզ չէ, որ ճանապարհը, որով այս պահին գնում է մեր իրավապահ համակարգը, չի պատասխանում այն կարևորագույն հարցին, թե ի վերջո ինչ հանգամանքներում զոհվեցին և վիրավորվեցին Ձեր հարազատները, ովքեր էին իրականում մեղավոր նրանց մահվան մեջ:

Սահմանադրական կարգի տապալման համար 12 տարի առաջ մեղադրվում էին այլ անձինք, հիմա՝ բոլորովին այլ անձինք, վաղը, վստահ եմ, պարզվելու է, որ 2008թ սահմանադրական կարգը տապալել են ուրիշները»:

Գևորգ Կոստանյանը շեշտել է՝ քրեական գործում տարբեր հնչեղ անուններ ներգրավելով ուղղակի փորձ է կատարվում հանրության ուշադրությունը շեղել Մարտի 1-ի սպանությունների իրական մեղավորներին գտնելու իրենց անկարողությունից կամ ցանկության բացակայությունի։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ