Ապրիլի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ասաց, որ այս իշխանության ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ շատերը քաղաքացիական գործչից չկարողացան դառնալ քաղաքական գործիչ:
«Սա բերում է բավականին լուրջ պրոբլեմների, և ժամանակի ընթացքում, իսկ այդ ժամանակը շատ երկար սպասել չի տա, կստեղծվեն այլընտրանքային ուժեր, որոնք կդառնան լուրջ քաղաքական ընդդիմություն այսօրվա իշխանությանը», – նշեց քաղտեխնոլոգը։
Նրա խոսքով՝ եթե այսօր ինչ-որ մի բան լինում է, իշխանություններն ասում են, թե դա հակահեղափոխական ՀՀԿ-ն է, Ռոբերտ Քոչարյանն է։ Նա նաև հավելեց, որ ՀՀԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանը չեն կարողանալու մոտակա ժամանակներում հետ գալ։
«Դա դեռ չի նշանակում, որ նրանք չեն աշխատում, աշխատում են, բայց նույն քաղաքական կշիռը չեն կարողանալու ունենալ», – նշեց քաղտեխնոլոգը։
«Կա Լուսավոր Հայաստանը, կարող են լինել արտախորհրդարանական և այլ ուժեր, նոր ստեղծվող ուժեր։ Ընդդիմություն կծնվի», – ընդգծեց Կարեն Քոչարյանը։