Աշխարհ
20:10 14/05/2020

Իսրայելն ու Թուրքիան ծովային սահմանների վերաբերյալ գաղտնի բանակցություններ են վարում

Իսրայելի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները հավանաբար գաղտնի բանակցություններ են վարում ծովային սահմանների և Միջերկրական ծովի արևելյան հատվածում տնտեսական գոտիների շուրջ համաձայնության գալու նպատակով: Այս մասին տեղեկացնում է Arab News պարբերականը` հղում տալով իր աղբյուրներին:

Անցյալ տարվա նոյեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Լիբիայի` ՄԱԿ-ի կողմից ընդունված Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայիզ Սարաջի միջև կնքված նմանօրինակ համաձայնագիրը վրդովմունքի ալիք էր բարձրացրել Հունաստանում և Կիպրոսում, որոնք դժգոհում էին, որ դա թույլ կտա Անկարային ապօրինի գազ արտահանել իրենց բացառիկ տնտեսական գոտիներում: Իսրայելն այդ գործարքն անօրինական էր անվանել։

Իսրայելի և Թուրքիայի միջև ցանկացած համաձայնագիր կարող է ազդեցություն ունենալ Կիպրոսի ծովային սահմանների և բացառիկ տնտեսական գոտիների վրա և հակասել Իսրայելի և Կիպրոսի միջև գոյություն ունեցող պայմանագրերին` հատկապես նրանց, որոնք կապված են գազի և նավթիհանքերի որոնման հետ:

Սակայն թուրք վերլուծաբան Այդըն Սեզերը հայտարարել է, որ նման գործարք Թուրքիայի և Իսրայելի միջև և՛ քաղաքական, և՛ իրավաբանական տեսանկյունից դժվար է իրագործել:

«Իսրայելը և Կիպրոսը ծովային համաձայնագրերի մի մասն են, որոնք լիովին համահունչ են միջազգայնորեն ճանաչված ծովային իրավունքին, ինչպես դա արտացոլված է ՄԱԿ-ի «Ծովային իրավունքի մասին» կոնվենցիայում,որը ստորագրվել է 1982 թ. դեկտեմբերի 10-ին: Եթե Իսրայելը նմանատիպ համաձայնագիր ստորագրի Թուրքիայի հետ, ստիպված կլինի չեղարկել իր նախորդ համաձայնագրերը Կիպրոսի հետ»,-ասել է վերլուծաբանը պարբերականի հետ զրույցում:

Կիպրոսը, Եգիպտոսը, Ֆրանսիան, Հունաստանը և Արաբական Միացյալ Էմիրություններն այս շաբաթվա սկզբին համատեղ հայտարարությամբ դատապարտել են Թուրքիայի՝ գազ որոնելու անօրինական գործողությունները Կիպրոսում: Իսրայելը չի միացել այս հայտարարությանը, իսկ երկրի արտգործնախարարությունը հայտարարել է, որ իրենք հպարտ են Թուրքիայի հետ ունեցած  իրենց դիվանագիտական հարաբերություններով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ