Արարատ Միրզոյանն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնային

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնային:

Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Տավերնային դիտորդական առաքելություն իրականացնելու համար Հայաստան ժամանելու կապակցությամբ և հիշել, որ վերջինս դիտարկել է նաեւ 2018 թվականի դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Ազգային ժողովի նախագահը հավելել է , որ այս ընտրությունները միտված են հանգուցալուծելու նախորդ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հետևած լարված ներքաղաքական իրավիճակը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իտալիայի Սենատի փոխխոսնակը հույս է հայտնել, որ քաղաքացիները կկատարեն իրենց ընտրությունը, ինչի արդյունքում երկրում կայունության նոր փուլ կսկսվի:

Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի կարեւորությանը և այդ հարցում միջազգային գործընկերների մասնակցությանը, Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ իրականացված ոտնձգությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ բանակցությունների վերսկսմանը վերաբերող հարցեր: Իտալական կողմը Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանման աշխատանքներում ներգրավվելու պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ավարտին երկուստեք գոհունակությամբ արձանագրել են հայ-իտալական բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը:

Ամենաթարմ