fbpx
Տնտեսություն

Կաթարտադրողները դժգոհում են մթերման գներից

Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներն այս շրջանում կաթը մթերում են 120-130 դրամով: Այսօր հրավիրված Ֆերմերների կոնգրեսում մոտ 100 ֆերմեր ներկայացրել է ոլորտի խնդիրներն ու բարձրաձայնել լուծման տարբերակները: «Ա1+»-ի հետ զրույցում Արագածոտնի մարզի «Աստղիկ» կաթնամթերքների արտադրության սպառողական կոոպերատիվի նախագահ Սոս Հրոյանն ասել է, որ կաթարտադրողները դժգոհում են հիմնականում մթերման գներից:

Սոս Հրոյանին անհանգստացնում է նաև շուկայում մրցակցությունը: Փոքր ու միջին արտադրողները իրացման խնդիր են ունենում:

«Խոշոր արտադրողների հետ նաև մրցակցության խնդիր ունենք: Խոշորներն իրենց սարքավորումներով կարող են օրինակ՝ պանիր արտադրել նաև կաթի փոշիով, իսկ փոքր ու միջին արտադրողները ԱԱՀ-ի հետ խնդիր ունեն», – ասել է պարոն Հրոյանը:

Հողագործությամբ և անասնապահությամբ զբաղվող Վարդան Միրզախանյանն Արմավիրի մարզից, «Ա1+»-ի հետ զրույցում հույս է հայտնել, որ այս տարի գյուղմթերքի հետ կապված խնդիրներ չեն առաջանա՝ հիշեցնելով նախորդ տարվա լոլիկի շուկայում դեֆիցիտի մասին. «Տարին եթե լավ լինի, բոստանային մշակաբույսերից մինչև 100 տոննա բերք կստանանք»:

Գյուղատնտեսության ոլորտի մեծագույն խնդիրը՝ հողի արդյունավետ օգտագործման խնդիրն է: Գյուղատնտեսական վարելահողների 45 տոկոսը չի օգտագործվում: Այսօր ֆերմերների կոնգրեսում լրագրողների հետ զրույցում ասել է Գյուղատնտեսության արդեն նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:

«Սա լրջագույն խնդիր է մեր երկրի համար: Հողերի չօգտագործման հիմնական պատճառը եկամտաբերության պատճառն է, գյուղատնտեսության ոլորտում ծախսերը շատ են, ցածր է արտադրողականությունը, ինչը բերում է ինքնարժեքի բարձրացման: Կարևոր խնդիր է նաև այն, որ առանձին հատվածներում կա կայուն ջրամատակարարման խնդիր: Մի շարք հողատարածքներ ուղղակի չեն օգտագործվում բնակավայրերից բավականին հեռու գտնվելու պատճառով։ Շատ են դեպքերը, երբ հողի սեփականատերերը տասնյակ տարիներ բացակայում են հանրապետությունից», – նշել է Գառնիկ Պետրոսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ