fbpx
Խորհրդարան

«Խմբակցությունները տեղ-տեղ էմոցիոնալ են իրենց ելույթներում»

«Չեմ ուզում մեկնաբանել առանձին պատգամավորների տեսակետները»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Կարծում եմ, որ յուրաքանչյուր պատգամավոր ունի իր տեսակետը և այն հայտնելու իրավունքը: Առանձին պատգամավորների տեսակետները չեմ մեկնաբանում: Պատգամավորների էմոցիաների, արտահայտությունների հետ կապված մեկնաբանություն անելու ցանկություն չունեմ: Այդ պահին այդպես ցանկացավ խոսել և խոսեց: Դա խմբակցության դիրքորոշումը չէ»,- ասաց Մակունցը:

Անդրադառնալով նաև ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչների այն դժգոհությանը, որ ընդդիմությունից իշխանություն դառնալուց հետո «Իմ քայլը» անհանդուրժող է դարձել, Լիլիթ Մակունցը պատասխանեց.

«Թույլ տվեք չհամաձայնել այդ մեկնաբանության հետ և ասել, որ բոլորը՝ թե խորհրդարանական մեծամասնությունը, թե մյուս խմբակցությունները, տեղ-տեղ էմոցիոնալ են իրենց ելույթներում, և դա նորմալ է խորհրդարանական քննարկումների ժամանակ: Կարևորում եմ բոլոր կողմերից բարձրաձայնված այն միտքը, որ ցանկացած էմոցիոնալ քննարկում պետք է լինի կոռեկտության և անձնական տիրույթ չներխուժելու տրամաբանությամբ»,- հավելել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:

Լիլիթ Մակունցը նաև ասել է, որ ուրախ կլիներ, եթե ընդդիմությունը նույնպես աջակցեր կառավարության կողմից ներկայացված ծրագրին:

«Ծրագիրն առանձին քննարկվել է «Իմ քայլը» խմբակցության առանձին մասնագիտական տիրույթներում, վեր են հանվել տարբեր ասպեկտները, տարբեր կողմերը, այդ թվում նաև այն, թե ինչը տեղ չի գտել կառավարության ծրագրում, այդ մասով «Իմ քայլը» խմբակցությունը տեսել է իր անելիքը, և մենք, որպես օրենսդիր, ինչ կարող ենք անել և ինչպես պետք է լրացնենք դա: Այո՛, այդ առումով մեր անելիքը բավականին շատ է, միևնույն ժամանակ ծրագիրը բավականին ընդհանուր է, լայն է, ճկուն է»:

Աղբյուր՝ http://galatv.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ