Իմ Քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը գրառում է կատարել Facebook-ում: Մակունցը հայտնում է, որ հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ռդ արտակարգ և լիազոր դեսպանի հետ և քննարկվել են ՍԴ խնդիրներն ու Տեսալսողական մեդիայի մասին օրենքը:
«ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի հետ այսօր հանդիպել ենք ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Քննարկել ենք հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն առնչվող օրակարգային հարցեր։ Որպես «Իմ քայլը» խմբակցության ղեկավար՝ դեսպանին ներկայացրել եմ մեր երկրում ընթացող ներքին քաղաքական զարգացումները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել իրականացվող օրենսդրական փոփոխություններին, մասնավորապես «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագծով առաջարկվող կարգավորումներին, Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին։
Երկկողմ հարաբերությունների առաջմղման համատեքստում կարեւորվել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ ընդգծելով հատկապես կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ստեղծված իրավիճակում ընթացիկ հարցերը խորհրդարանական դիվանագիտության ճանապարհով կարգավորելու հանգամանքը։ Այս առումով ընդգծվել է համաճարակի դեմ պայքարում Հայաստանի եւ Ռուսաստանի համատեղ ջանքերի կարեւորությունը։ Մտքեր են փոխանակվել այս օրերին կանոնավոր ավիափոխադրումների բացակայության պայմաններում ՀՀ եւ ՌԴ քաղաքացիների՝ իրենց երկրներ վերադարձի ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին»,-ասվում է Մակունցի գրառման մեջ։
