ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ հունիսի 17-ին գումարել է հերթական նիստը: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են ՀՀ Կառավարության հեղինակած «Բռնադատվածների մասին» օրենքում լրացում կատարելու մասինե օրինագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը տեղեկացրել է, որ գործադիրն առաջինից երկրորդ ընթերցում նախաձեռնության վերաբերյալ չի ստացել որևէ առաջարկ: Հիշեցնենք, որ նախագծով սահմանվում են բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայական տալու դեպքերը և գործընթացը, վկայական ստանալու մասին դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև վկայականը տալու համար խորհրդատվական եզրակացություն տվող հանձնաժողովի կազմում ընդգրկված մարմինների շրջանակը:
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաև Կառավարության հեղինակած «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով կհստակեցվեն օտարերկրյա փաստաբանների իրավունքների առանձնահատկությունները, կընդլայնվի անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց շրջանակը, առավել համապարփակ կարգավորում կստանան մի շարք ընթացակարգային հարցեր: Գործադիրն ընդունել է «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների առաջարկների մի մասը:
Օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն՝ առաջիկա հերթական նիստերի օրակարգում ընդգրկվելու համար:
