Մարուքյանը դիմել է Փաշինյանին

Ամենադիտվածներ

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները վերականգնելու առաջարկությամբ։

Այս մասին նա տեղեկացրել է Facebook-ի իր էջում։

«Գյուղատնտեսության նախարարության կլանումը էկոնոմիկայի նախարարության կողմից նշանակում էր գյուղատնտեսության նախարարության փաստացի կրճատում, ինչով նաև ստորադասվեց գյուղատնտեսության դերը մեր երկրում, որտեղ այն մշտապես ունեցել է և ունի չափազանց մեծ նշանակություն և բավականին զգալի կշիռ ՀՆԱ-ի մեջ։ Ընդ որում՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լիազորություններն այժմ էլ հնարավոր է վերապահել գյուղատնտեսության նախարարությանը։

Մշակույթի նախարարությունը չպետք է որևէ վարչության կամ այլ կարգավիճակով, փաստացի կրճատվելով, ներառվեր որևէ այլ նախարարության կազմում, քանի որ մեզ անհրաժեշտ է ունենալ ուժեղ մշակույթի նախարարություն, որն ունակ է համակարգել մշակությային պատերազմների մեջ գտնվող մեր պետության խնդիրները։ Տեղին է նաև հիշատակել, որ հայ ինքնության համար մշակութային կյանքի առանձնահատկությունները բոլոր ժամանակներում եղել են ազգի պահպանման հիմնասյուներից մեկը։ Միաժամանակ, մշակութային աղավաղումների դեմ անհրաժեշտ է ունենալ մշակութային հայեցակարգը կրող ամուր կառույց», – գրել է Մարուքյանը։

Ամենաթարմ