Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց, հայտնում են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։
Կառուցումից՝ 1969 թվականից մինչև օրս դպրոցը երբևէ չի հիմնանորոգվել: Կոսմետիկ նորոգում վերջին անգամ եղել է շուրջ 20 տարի առաջ, մինչդեռ այսօր մարզադպրոցն ունի շուրջ 200 սան: Այստեղ են մարզվում նաև սպորտային մարմնամարզության ՀՀ ազգային հավաքական թիմի անդամները, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների չեմպիոններն ու մեդալակիրները:
Զրուցելով քաղաքապետի հետ՝ Հայաստանի մարմնամարզության և ակրոբատիկայի ֆեդերացիայի նախագահ, մարզադպրոցի տնօրեն Ալբերտ Ազարյանը նկատել է, որ շենքային և գույքային պայմանները ոչ միայն չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին, այլև հնարավորություն չեն տալիս մարզիկներին լիարժեքորեն մարզվելու: Քաղաքապետ Մարությանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը նախատեսում էր վերանորոգել մարզադպրոցը, սակայն սեյսմիկ ուսումնասիրություններից հետո պարզ է դարձել, որ նորոգումն անհնարին է: Խնդրի համալիր լուծումը նոր շենք կառուցելն է.
«Իրավիճակի լուծումներից մեկն այն է, որ զրոյից կառուցվի նոր շենք՝ միջազգային չափանիշներով, ինչպես որ մեզ պետք է: Կարծում ենք, որ այն պետք է լինի սպորտային միջավայրում: Այսօր պահին քննարկվում է մի քանի տարբերակ: Կառուցման ընթացքում նաև մարզադպրոցի աշխատանքը չի կանգնի: Իրականում լավ կլիներ հենց այստեղ՝ նույն տեղում ունենայինք նոր դպրոց, բայց այդ դեպքում աշխատանքները կտևեն մի քանի տարի»,- ընդգծել է քաղաքապետը:
Տարածքի վերջնական ընտրությունը կարվի առաջիկայում: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է աշխատանքներին ընթացք տալ հնարավորին սեղմ ժամկետում: Նոր շենք՝ նոր ենթակառուցվածքներով, մարզագույքով և հարմարավետ պայմաններով ունենալու համար նախ կհայտարարվի նախագծային մրցույթ: