fbpx
Հասարակություն

Մեր երկիրը ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում է․ Փաշինյանը՝ նախորդ իշխանության տարիներին գրված փաստաթղթի մասին

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձակուրդի վերջին օրն է, և նա ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ամփոփեց արձակուրդային շրջանը:

Նախ, նա ասաց, որ արդյունավետ է անցկացրել ժամանակը, գրքեր է կարդացել, ինչպես նաև որոշ փաստաթղթերի է ծանոթացել, որոնք նախորդ իշխանությունների ժամանակ են կազմած եղել՝ 2014-ին. «Դա գաղտնի զեկույց է, գաղտնի փաստաթուղթ, այնքան գաղտնի, որ ճիշտ չեմ համարում անունը նույնիսկ բարձրաձայնել: Այդ փաստաթղթին ես մի քանի ամիս առաջ ծանոթացել էի, բայց որոշել էի հրատապ հետևություններ չանել, վերցնել ինձ հետ նաև արձակուրդի ընթացքում կարդալու: Կարդացի․ ինչով է կարևոր այդ փաստաթուղթը, որ հիմա էլ իմ սեղանին դրած է․ կարևոր է նրանով, որ տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է մեր երկիրը, կամ ինչ վիճակում է եղել մեր երկիրը, որովհետև այն պրոբլեմները, ինչն այստեղ գրված են, բնականաբար, մեկ տարվա ընթացքում հնարավոր չէր լինի շտկել: Բայց շատ կարևոր էր արձանագրել, և այս փաստաթուղթը նաև այդ առումով է կարևոր, թե մենք ինչ իրավիճակում ենք ժառանգել ՀՀ-ն: Երբ-որ այս փատաթուղթը մենք կարդում ենք, եզրակացությունը հետևյալն է՝ հեղափոխության ժամանակաշրջանում և ինչ-որ առումով նաև դրանից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում: Սա, ըստ էության, փաստաթուղթ է այն մասին, որ մեր երկրում, ըստ էության, պետական ինստիտուտները կաթվածահար են և ինստիտուցիոնալ առումով մեր երկիրն ամբողջությամբ ձախողված է: Շատ կարևոր է այս փաստաթուղթը, գրվել է Սերժ Սարգսյանի իշխանության վերջին տարիներին: Ես կարծում եմ, այս փաստաթղթի հեղինակները իսկապես շատ մեծ համարձակություն են ցուցաբերել»:

Վարչապետը նաև հայտնեց, որ այս փաստաթղթի բովանդակությունն օգնում է հասկանալ, թե ինչ խնդիրներ պետք է լուծել երկրում. «Այսօր փաստն այն է, որ մեր երկրում ինստիտուցիոնալ պրոբլեմ ունենք, չկան ինստիտուտներ, որոնք լուծեն մարդկանց հարցերը, ամենաբազմաան խնդիրները: Ամենաթարմ օրինակը վերցնենք՝ ճանապարհաշինությունը: Թվում է, թե կա գումար, այս տարի աննախադեպ մեծ գումար ենք հատկացրել ճանապարհաշինության համար, այդ գումարը կառավարությունը հատկացրել է, թվում է, թե այլևս պետք է ճանապարհները կառուցվեն որակով, ժամանակին, պատշաճ ձևով, բայց ամեն ինչ չէ, որ այդքան պարզ է: Նախորդ տարի դեպքեր ունեցանք, որ մրցույթը ինչ-որ ընկերություն շահում է, հետո պարզվում է, որ ճանապարհն այնպիսի որակով են կառուցել, որ 6 ամսվա ընթացքում պիտի քանդվի էդ ճանապարհը: Մենք հիմա այդ ընկերություններին վճարումներ չենք անում, բայց էությունը սրանից չի փոխվում, որովհետև կորցնում ենք ժամանակը, փչանում է տրամադրությունը: Ու այս փաստաթուղթը կարդում եմ, ևս մեկ անգամ համոզվում եմ, որ ՀՀ-ում ըստ էության կառավարման համակարգը հենված է եղել կոռուպցիայի վրա, և երբ որ կոռուպցիան հանում ես, պարզվում է էլ տակը կառավարման համակարգ չկա: Սա ամենամեծ պրոբլեմն է, ըստ էության ,ու մեր կառավարությունը կանգնած է այսպիսի մարտահրավերների առաջ: Մենք պետք է զրոյից ստեղծենք ինստիտուտներ, որոնք պետք է լուծեն այն պրոբլեմները, որոնք կանգնած են մեր երկրի առաջ»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ինչ նկատի ունի՝ ինստիտուտ ասելով՝ անկախ դատական համակարգ, նաև պետգնումների համակարգ. «Մեր երկրում կան ինստիտուտներ, որոնք առաջին հայացքից թվում է, թե կայացած են, լիարժեք գործունակ, բայց երբ սկսում ես խորը փորել, հասկանում ես, որ դեկորատիվ կեղևի տակ, ըստ էության, գործ ունենք ինստիտուցիոնալ կաթվածի կամ կիսակաթվածի հետ: Մեզ ամուր նյարդեր են պետք՝ այս իրավիճակը կառավարելու ու լուծելու համար: Մենք պետք է ոչ թե խուճապահար վազենք բոլոր հնարավոր հարցերի հետևից, այլ մարտավարական, ռազմավարական առաջնահերթություններ ունենանք ու առանց տուրք տալու էմոցիաներին, հերթով պրոբլեմները լուծենք»:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/874933652885536/

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ