ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպաններն այսօր՝ հունվարի 21-ին, դատարանին միջնորդություն ներկայացրին՝ նրան բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու վերաբերյալ։
Պաշտպան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանի հարազատները կհոգան Ֆրանսիայում բուժվելու բոլոր ծախսերը:
«Շուրջ 20 տարի Ֆրանսիայի բժիշկները բուժել են Մանվել Գրիգորյանի շաքարային դիաբետը»,-հավելեց նա։
Պաշտպանները ներկայացրին նաև Ֆրանսիայի հիվանդանոցներից մեկի պրոֆեսորի գրությունը դատարանին։ Գրության մեջ ասվում էր, որ Մանվել Գրիգորյանը բուժման կարիք ունի Ֆրանսիայում, իսկ որպես պատճառ նշվում էին անվերահսկելի դիաբետը, սրտային և շնչառական անբավարարությունը։
Մեղադրող դատախազը առարկեց այդ միջնորդության դեմ։
«Որևէ փաստական տվյալ և հիմնավորում չկա, որ Մանվել Գրիգորյանը ներկայիս առողջական վիճակում չի կարող անհրաժեշտ բուժօգնություն ստանալ Հայաստանում»,-ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին ՀՀ դատախազության նախաձեռնությամբ, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ արտահերթ դատական նիստ հրավիրվեց ու Գրիգորյանն ազատ արձակվեց։
