fbpx
Իրավական

ՄԻՊ-ն ամփոփել է այցը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետների ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ (այսուհետ՝ Կենտրոն) կատարված մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմվել է մանրակրկիտ վերլուծություն:

Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները.

  • Կենտրոնը գերբեռնված է, պահպանված չէ պացիենտների անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը. հիվանդասենյակներում արձանագրվել են իրար շատ մոտ տեղադրված մահճակալներ,
  • արձանագրվել են բաժանմունքի միջանցքներում տեղադրված մահճակալներ. հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց միջանցքում պահելը, որտեղ ազատ շրջում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող այլ անձինք՝ զրկելով նրանց մեկուսանալու և հանգստանալու հնարավորությունից, խիստ անընդունելի է,
  • արձանագրվել են զսպման միջոցների կիրառման կարգի խախտումներ. համապատասխան մատյանները պատշաճ չեն վարվում, պացիենտի կամ զսպում իրականացնող անձի ստացած վնասվածքները, ինչպես նաև զսպման միջոցի արդյունավետության մասին տեղեկությունները պատշաճ չեն արձանագրվում, ֆիզիկական զսպման միջոցները հնամաշ են և ոչ բավարար, ֆիզիկական զսպումը հաճախ իրականացվում է հիվանդասենյակներում՝ մյուս պացիենտների ներկայությամբ և այլն,
  • պատշաճ չեն վարվում հիվանդության պատմության նկարագրերը,
  • հայտնաբերվել են ժամկետանց դեղեր և բժշկական պարագաներ,
  • երկար տարիներ խնամքի և հարկադիր բուժում ստացող պացիենտները չեն ենթարկվում ֆլյուորոգրաֆիկ հետազոտության,
  • նեղ մասնագիտներից թերապևտի, նյարդաբանի և սրտաբանի հաստիքներից համալրված է միայն թերապևտինը,
  • նեղ մասնագիտական խորհրդատվությունները կազմակերպվում են ծայրահեղ անհրաժեշտության պարագայում, և հոգեբույժներն իրենք են սոմատիկ հիվանդությունների պարագայում բուժում նշանակում, ինչն անընդունելի է,
  • բաժանմունքներն ունեն հիմնարար վերանորոգման կարիք, հիվանդասենյակների պայմաններն անբավարար են (հնամաշ մահճակալներ, կողապահարանների պակաս կամ բացակայություն, ոչ բավարար արհեստական լուսավորություն և այլն),
  • արձանագրվել են հագուստի անհատականացմանն առնչվող խնդիրներ.  հոգեկան առողջության խնդիրներ ունեցող այն անձանց հագուստը, ովքեր չեն կարող այն անհատականացնել, լվացվելուց հետո բաժանվում է պատահականության սկզբունքով,
  • Կենտրոնի որոշ բաժանմունքների սանհանգույցներ ունեն վերանորոգման լուրջ կարիք,
  • բոլոր բաժանմունքներում արձանագրվել են լոգարանների ոչ բավարար պայմաններ, առկա է դրանք վերանորոգելու հրատապ անհրաժեշտություն,
  • Կենտրոնում բացակայում են հարմարեցումները, ներառյալ՝ մուտքերը սարքավորված չեն թեքահարթակներով, ինչի արդյունքում տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունեցող պացիենտներն ունեն սանհանգույցից և զբոսանքից օգտվելու բարդություններ,
  • մտահոգիչ է այն պացիենտներին սննդով ապահովելու խնդիրը, ովքեր տառապում են տարբեր քրոնիկ հիվանդություններով և ունեն դիետիկ սննդի կարիք,
  • բաժանմունքների ճաշասրահներում և խոհանոցներում առկա է վերանորոգման անհրաժեշտություն,
  • արձանագրվել են հատուկ ընթացակարգերի բացակայության պարագայում սննդից հրաժարվող անձանց հարկադիր կերակրմանն առնչվող խնդիրներ,
  • արձանագրվել են իրազեկված համաձայնության հետ կապված խնդիրներ. պացիենտները իրազեկված համաձայնություն չեն ներկայացնում և պատշաճ չեն տեղեկացվում իրենց իրավունքների վերաբերյալ,
  • հոգեբուժական կազմակերպություններում չափահաս կամ անգործունակ անձինք շարունակում են բուժում ստանալ իրենց օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ՝ գործնականում զրկված լինելով բուժման վերաբերյալ իրենց կարծիքն արտահայտելու հնարավորությունից,
  • խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում, խնամակալների՝ ի շահ խնամարկյալների գործելու նկատմամբ պատշաճ հսկողություն չի իրականացվում,
  • բաժանմունքների մեծ մասը չունի առանձնացված զբոսաբակ անբարենպաստ եղանակային պայմաններից պատսպարվելու համար ծածկերը և նստարանները բացակայում են, զբոսանքի մատյանները պատշաճ չեն վարվում, զբոսանքի սահմանափակման վերաբերյալ գրառումները բավարար պատճառաբանված չեն եղել,
  • առկա է պացիենտներին զբաղվածությամբ ապահովելու հրատապ անհրաժեշտություն, զբաղմունքի հիմնական տեսակը բաժանմունքների միջանցքներում տեղադրված հեռուստացույցն է,
  • ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն անցնող անձանց տեսակցության իրավունքը չի ապահովվում,
  • անհատական բջջային հեռախոս չունեցող պացիենտները տաքսաֆոնների բացակայության պարագայում չեն կարող զանգահարել մերձավորներին կամ կոնֆիդենցիալ կապ հաստատել համապատասխան մարմինների հետ,
  • պացիենտները չեն ունեցել նամակներ, դիմումներ և բողոքներ գրելու համար անհրաժեշտ գրենական պարագաներ (թուղթ, մատիտ, գրիչ և այլն),
  • դեպի Կենտրոն չկա հասանելի հասարակական տրանսպորտային հաղորդակցություն, երբ այնտեղ պահվում է 390 պացիենտ,
  • որոշ պացիենտներ չունեն անձնագրեր, ինչի պատճառով չեն կարողանում ստանալ կենսաթոշակ, և նրանց նկատմամբ հաշմանդամության կարգ չի կարող սահմանվել,
  • առկա է Կենտրոնի բժշկական և ոչ բժշկական անձնակազմի վերապատրաստման անհրաժեշտություն,
  • հոգեբուժական կազմակերպության աշխատակիցների աշխատանքային պայմաններն անբավարար են:

Նախորդ այցի համեմատ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկների հիման վրա Կենտրոնում արձանագրվել են դրական փոփոխություններ, որոնք հիմնականում հանգում են հետևյալին.

  • տրամադրած տեղեկությունների համաձայն՝ պետական բյուջեից ֆինանսավորմամբ նախատեսվում է իրականացնել Կենտրոնի հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ, որոնց շինարարական նախահաշիվները գտնվում են վերջնական հաստատման փուլում,
  • Կենտրոնի բաժանմունքների սանհանգույցները հիմնականում վերանորոգվել են, ասիական տիպի սանհանգույցները փոխարինվել են զուգարանակոնքերով, տեղադրվել են բաժանարար միջնորմեր, լվացարաններ և աղբամաններ,
  • ապահովվել է տաք ջրի մշտական հասանելիությունը, պացիենտների լոգանքի կազմակերպումը բարելավվել է,
  • որոշակիորեն բարելավվել է սննդի որակը,
  • նախորդ այցի համեմատ բաժանմունքների ճաշասրահներում ավելացվել է աթոռների թիվը՝ այն համապատասխանեցնելով պացիենտների թվին և բացառելով հերթով սնվելու պրակտիկան, բաժանմունքների խոհանոցներում ալյումինե սպասքը փոխարինվել է կերամիկական սպասքով,
  • նախորդ այցի համեմատ Կենտրոնի ընդունարանում նախատեսվել է բժշկի հաստիք, որն այցի պահին համալրված է եղել,
  • Կենտրոնում իրականացվել են արգանդի պարանոցի ուռուցքային հիվանդությունները հայտնաբերելու կապակցությամբ Պապ թեսթի սկրինինգային և «հեպատիտ Ց-ի» հայտնաբերմանն ուղղված հետազոտություններ,
  • ողջունելի է Կենտրոնում իրականացվող գրիպի դեմ կանխարգելիչ պատվաստումը, սակայն բժշկական այս միջամտության կապակցությամբ պացիենտներից իրազեկված համաձայնություն չստանալու տարածված պրակտիկան մտահոգիչ է,
  • Կենտրոնի հատուկ հսկողության բաժանմունքի զբոսաբակում նախորդ այցի համեմատ իրականացվել են բարեկարգման աշխատանքներ, մասնավորապես՝ մեծացվել է զբոսաբակի տարածքը, տեղադրվել են անբարենպաստ եղանակային պայմաններից պատսպարվելու համար ծածկ, նստարան և աղբաման,
  • բաժանմունքներում տեղադրված են փոստարկղեր, որոնք հնարավորություն են տալիս պացիենտներին նամակ ուղղել Կենտրոնի տնօրենին, սակայն այն սահմանափակում է այլ անձանց, այդ թվում՝ ազգականներին, վարչակազմի մյուս անդամներին, պետական մարմիններին և կազմակերպություններին նամակներ, դիմումներ և բողոքներ հասցեագրելու հնարավորությունը,
  • արձանագրվել է հոգեբանական աշխատանքների նկատելի առաջընթաց, սակայն կենտրոնում պացիենտների թվաքանակի համեմատ հոգեբանների թիվը շարունակում է մնալ ոչ բավարար (390 պացիենտ և 2 հոգեբան):

 

Մարդու իրավունքների պաշտպանությունը համակողմանի գործընթաց է, որը ենթադրում է այդ գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքների երաշխավորում, նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ապահովում և փոխադարձ հարգանք երաշխավորող հարաբերությունների հաստատում: Այս սկզբունքային մոտեցման բաղադրիչներից է իրավասու այն մարմինների աշխատակիցների, ծառայողների իրավունքների վիճակը, ովքեր իրենց գործունեությամբ կոչված են իրականացնել հասարակության անդամների իրավունքների պաշտպանությունը:

Հոգեբուժական կազմակերպությունների աշխատակիցների աշխատանքային արժանապատիվ պայմաններն ու սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձը, ունեն շարունակական բարելավման կարիք:

Այցի արդյունքներն արտացոլող հիմնարար փաստաթուղթն արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին Մարդու իրավունքների պաշտպանն ուղարկել է ՀՀ առողջապահության, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններ՝ պատրաստակամություն հայտնելով քննարկելու բարձրացված հարցերը և աջակցելու դրանց լուծմանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ