fbpx
Խորհրդարան

ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

«Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ նրա գործունեությունը նպաստելու է Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը:

ԱԺ նախագահն ընդգծել է Ֆրանսիայի հետ բազմոլորտ փոխգործակցությունը՝ հավելելով, որ անձամբ պատրաստ է ներդնել բոլոր ջանքերն այդ հարաբերությունների խորացման և դինամիկ զարգացման գործում: Այս համատեքստում նշվել է նաև Ֆրանսիայի հայ համայնքի դերակատարությունը, որը յուրահատուկ կամուրջ է հայ-ֆրանսիական բազմաբևեռ գործակցության հարցում:

Ալեն Սիմոնյանը երախտագիտությամբ հիշատակել է Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատների կողմից Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բազմաթիվ բանաձևերն ու կոչերը և արդեն իսկ թվով չորրորդ պատվիրակության՝ Հայաստան և Արցախ այցելությունը:

ԱԺ նախագահը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական ու արդարացի լուծումը և Արցախի՝ ինքնորոշման իրավունքի վրա հիմնված կարգավիճակի ճանաչումը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների խորհրդարանների գործունեությանը, որոնք կարևոր դեր են խաղում Հայաստանի ու Ֆրանսիայի միջև քաղաքական երկխոսությունը զարգացնելու և հարստացնելու գործում:

Ֆրանսիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ շեշտելով, որ Ազգային ժողովը համարվում է ժողովրդավարության կենտրոն: Նա պատրաստակամություն է հայտնել հետագա գործունեությամբ նպաստելու ԱԺ-ի հետ ձևավորված ամուր համագործակցության խորացմանը», – ասված է տարածված հաղորդագրության մեջ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ