ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ժամանել է Բարսելոնա։ Կատալոնիայի մայրաքաղաքում բրազիլացի ֆուտբոլիստը մասնակցելու է «Բարսելոնայի» դեմ դատական նիստին։Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։
Նեյմարը դատական գործի շրջանակում «Բարսելոնայից» պահանջում է 18 միլիոն եվրո բոնուս, որը ակումբը պետք է վճարեր իրեն։ 2016 թվականին բրազիլացի հարձակվողը Կատալոնական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգել էր, ինչից մեկ տարի անց Նեյմարը պետք է 40 միլիոն եվրո ստանար ակումբից։ Բրազիլացի հարձակվողը ստացել է 22 միլիոն։ Հիմա նա պահանջում է գումարի մնացած մասը։
Հաղորդվում է, որ Նեյմարի հայրը 2017 թվականի ամռանը ՊՍԺ-ի հետ բանակցությունները երկարացնում էր, որպեսզի «Բարսելոնան» վճարի բոնուսի գումարի մնացած մասը։
«Բարսելոնան» իր հերթին ապացույցներ է ներկայացրել՝ նշելով, որ բոնուսի մնացած գումարը ակումբը պարտավոր էր վճարել ֆուտբոլիստին միայն այն դեպքում, եթե նա խաղար «Բարսելոնայում» մինչև պայմանագրի ավարտը, այսինքն 2022 թվականը։

