fbpx
Մարզեր

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Շիրակի նորանշանակ մարզպետին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Շիրակի մարզպետարանում մարզպետարանի աշխատակազմին, համայնքապետերին, ԱԺ պատգամավորներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին է ներկայացրել Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանին:

Հանդիպման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են պատերազմում զոհված հայ քաջորդիների հիշատակը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանին բարեխիղճ աշխատանքի համար և ներկաների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նորանշանակ մարզպետն իր պաշտոնը ստանձնում է երկրի և մարզի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանում: «2020-ի իրադարձությունները որոշակի փոփոխություններ պետք է մտցնեն մի շարք հարցերում խնդիրների լուծման նկատմամբ մեր մոտեցումներում: Այս դժվարին փուլում առաջնահերթ է մարզում միասնության, համերաշխության մթնոլորտի ձևավորումը: Առաջիկայում այս ուղղությամբ կարևոր անելիքներ ունենք»,-ընդգծել է նախարար Պապիկյանը:

Նախարարն առանձահատուկ երախտագիտությամբ կարևորել է Շիրակի բնակչության և համայնքապետերի դրսևորած հայրենանվեր վարքագիծը ռազմաճակատում և թիկունքում տարվող աշխատանքներում: Իր խոսքում նախարար Պապիկյանն անդրադարձել է նաև 2020 թ. մարզում իրականացված աշխատանքներին և 2021 թվականին ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ սպասվող աշխատանքներին:

Նախարարը հաջողություն է մաղթել Հովհաննես Հարությունյանին մարզում մեկնարկած բարեփոխումների շարունակականությունը ապահովելու հարցում:

Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանը շնորհակալություն է հայտնել բարձր վստահության համար և նշել, որ ամեն ինչ անելու է հարազատ մարզի առջև ծառացած հիմնահարցերի լուծման ուղղությամբ․ «Հարգելի ներկաներ, պարոն նախարար, ԱԺ պատգամավորներ, համայնքապետեր, պետական մարմինների ղեկավարներ, ողջունում եմ Ձեզ, ինձ համար պատիվ է նման բարձր վստահության արժանանալ։ Նախ ուզում եմ խոնարհվել մեր հերոսների հիշատակի առջև, շուտափույթ առողջացում եմ մաղթում մեր վիրավորներին, իսկ գերիներին՝ բարի վերադարձ։ 2020 թվականն իրապես ծանր տարի էր, հիմա մենք լուրջ խնդիրների առաջ ենք կանգնած, դրանց լուծման ճանապարհները մենք պետք է համատեղ աշխատանքով գտնենք, ակնկալում եմ համագործակցություն և այդ դեպքում վստահ եմ, որ կհասնենք այն օրվան, որ ինչքան էլ 2020-ը ցավոտ մնա պատմության մեջ, 2021 ու հաջորդող տարիները կլինեն զարգացման ու վերածննդի տարիներ»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ