Կորոնավիրուսի դեմ պայքարում պատվաստումներ են կատարվում ամբողջ աշխարհում: Տարբեր երկրների վիճակագրական տվյալները փաստում են, որ այդ պատվաստումների արդյունքում վիրուսը նահանջում է: Հայաստանում պայքարը թագակիր վիրուսի դեմ անցել է մի քանի փուլերով, բայց նահանջի մասին դեռ խոսք չկա:
Առաջին և ամենակարևոր փուլը սկսվեց պատվաստանյութերը Հայաստան ներկրելուց հետո: Առանց պատվաստվելու մի քանիսը սկսեցին սոցիալական ցանցերում տեղեկություններ տարածել այն մասին, որ այդ ճանապարով ուզում են բնակչությանը «չիպավորել ու դարձնել հեշտ կառավարվող»: Մի քանիսն էլ հայտարարեցին, թե դա նեռի թիվն է, որը փորձում են ստիպողաբար փակցնել մարդկանց ուսերին: Առաջին փուլում պատվաստվողների թիվը շատ քիչ էր:
Երկրորդ փուլում կառավարությունը դիմեց խորամանկ քայլի՝ հայտարարեց, որ առանց պատվաստման մարդիկ հնարավորություն չեն ունենալու մտնել աշխատավայրեր, խանութներ, սրճարաններ և այլ հանրային վայրեր: Մի շարք սահմանափակուներ մտցվեցին բոլոր ոլորտներում: Աշխատանքը չկորցնելու վախից մարդիկ սկսեցին պատվաստվել: Բայց դա դեռ բավարար չէր ներկրված պատվաստանյութերի ամբողջ քանակությունը սպառելու համար:
Երրորդ փուլում գործատուներին ստիպեցին աշխատանքից հեռացնել կամ աշխատավայր չթողնել այն քաղաքացիներին, ովքեր չեն պատվաստվի: Բնակչության մեջ բողոքի ալիք բարձրացավ: Գործատուները կանգնեցին բիզնեսը ձախողելու վտանգի առջև: Կառավարությունն առաջարկեց այլընտրանքային ճանապարհ՝ բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում պատվաստվել, պետք է հանձնեն վճարովի ՊՇՌ թեստ: Եվ քանի որ բնակչության մեջ արդեն զրույցներ էին պտտվում այն մասին, որ ներկրված դեղորայքի ժամկետը վաղուց սպառվել է, բոլորը համատարած ընտրեցին թեստ հանձնելու ուղին: Սկզբում թեստի արժեքը 15000 դրամ էր: Հետագայում նվազեց և հասավ մինչև 8000 դրամի: Իսկ մեկ ամիս անց պարզվեց, որ այն պետք է հանձնել ոչ թե ամիսը երկու անգամ, այլ՝ շաբաթը մեկ անգամ: Հետո այդ ժամկետը կրճատվեց՝ մինչև 3 օր: Այսպիսով կառավարությունը դիվանագիտորեն ստիպեց բնակչությանը պատվաստվել: Քանի որ շատերի աշխատավարձը նվազագույն շեմին հազիվ էր հասնում, մարդիկ սկսեցին պատվաստվել:
Եվ այստեղ հարց առաջացավ. արդյո՞ք պատվաստումները կամավոր են:
Հարցվողները միաբերան պնդում են, որ կամավոր բաղադրիչը հարաբերական է, քանի որ կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի մարդիկ հարկադրված գնան պատվաստման: Աշխատողներին ստիպում են գործատուները, իսկ թոշակառուներին պարտադրում են պոլիկլինիկաների վարիչները: Պետական միջոցներից տրամադրվող անվճար դեղորայքը ստանալու ժամանակ յուրաքանչյուր թոշակառու կանգնում է պատվաստվել – չպատվաստվելու խնդրի առաջ:
«Ստիպում են, ասում են, եթե չպատվաստվես, դեղերը չենք տա,- ասում է թոշակառուներից մեկը,- մենք էլ ստիպված պատվաստվում ենք»: «Ամեն ամիս այնքան են ասում, որ մարդիկ ստիպված գնան պատվաստվելու»,- հավելում է մեկ ուրիշը: Այն հարցին, թե արդյոք չգիտե՞ն, որ պատվաստումը կամավոր պետք է լինի, պատասխանում են. «Կամավոր ոչինչ չկա, պարտադրում են»:
Հասկանալու համար, թե արդյոք պատվաստումները կամավո՞ր են, թե՝ պարտադիր, զրուցեցինք պոլիկլինիկաներից մեկի վարիչի հետ: «Պարտադիր չեն, բայց պարտադրողական են»,- ասաց նա: Ի՞նչ անիմաստ բառախաղ է: Ըստ կառավարության որոշման պատվաստումները պետք է լինեն կամավոր սկզբունքներով: Պարտադրողականը ո՞րն է: «Պիտի պայքարենք համավարակի դեմ: Առանց պատվաստելու ինչպե՞ս կարող ենք պայքարել: Մենք էլ այսպես ենք համոզում բնակչությանը պատվաստվել»,- ասում է մեկ այլ պոլիկլինիկայի վարիչ:
«Իսկ դուք անձամբ պատվաստվե՞լ եք»,- հարցնում եմ նրանց ու ստանում միանշանակ դրական պատասխան: Իհարկե, դա ստուգել հնարավոր չէ: Փաստն այն է, որ կամավոր բաղադրիչի ներքո պարտադիր պատվաստումներ են կատարվում:
Մարդիկ վաղուց արդեն սովորել են ապրել կորոնավիրուսի թելադրած սահմանափակումներով: Սկզբում բոլոր հանրային վայրերում խստորեն հսկողություն էր սահմանվում, որպեսզի մարդիկ լինեն դիմակներով և ձեռնոցներով, պահպանեն սոցիալական հեռավորություն: Հիմա դա պահպանվել է միայն մի քանի բժշկական հաստատություններում: Գրեթե բոլոր հանրային վայրերում մարդիկ հայտնվում են առանց դիմակի ու ձեռնոցի: Շահառուներին առանց դիմակի են սպասարկում նաև որոշ պոլիկլինիկաներում:
Իր ուժը կորցրած կարելի է համարել նաև հարսանյաց սրահներում, սրճարաններում և ռեստորաններում միայն պատվաստված անձանց ընդունելու մասին որոշումը: Ոչ մի բիզնեսմեն չի ցանկանում պատվաստման պատճառով կորցնել իր հաճախորդին: «Ձևականորեն հարցնում են՝ պատվաստվե՞լ ես: Ես էլ ասում եմ՝ այո: Ոչ ոք դեռ ինձանից QR կոդ չի պահանջել»,- ասում է վերջերս հարսանիքի մասնակցած Լ.Ի.-ին:
Սրճարանների և հարսանյաց սրահների ղեկավարները խուսափում են թեմայի մասին խոսելուց: Իսկ երբ ասում եմ, որ պատասխանը հրապարակվելու է անանուն, նրանցից մեկն ասում է. «Պատվաստումերի պատճառով չեմ կարող հարված հասցնել իմ ընտանեկան բյուջեին: Իհարկե, թույլ տալիս ենք, որ մարդիկ օգտվեն մեր ծառայությունից առանց QR կոդի, բայց նաև գիտենք, որ ստուգման դեպքում կարող ենք տուգանվել»:
Ինձ հաջողվեց զրուցել նաև մեծ գործարաններից մեկի տնօրենի հետ, ով չցանկացավ նշել իր անունը, բայց ասաց, որ ստիպողաբար պատվաստման է ուղարկում միայն նոր աշխատողներին: Հների հետ այդպես վարվել չի կարող, քանի որ արտադրությունը նրանց աշխատանքից է կախված: «Ինչպե՞ս կարող եմ կռունկավարին չպատվաստվելու համար աշխատանքից ազատել, եթե ամբողջ արտադրությունը նրա աշխատանքից է կախված»:
Կամավոր պատվաստումների հարցը շարունակում է մնալ արդիական, սակայն միշտ էլ գտնվում են այլընտրանքային լուծումներ, որոնք թույլ են տալիս խուսափել պարտադրանքից և չպատվաստվել: Բայց դա քչերին է հաջողվում: Աշխատող բնակչության 80 տոկոսը կամ պատվաստվում է կամ ՊՇՌ թեստ հանձնում:
Հեղինակ՝ Նորա Ղազարյան