fbpx
Տեսանյութեր

Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Մոհամմադ Ջավադ Զարիֆին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:

ՀՀ վարչապետը և Իրանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և զարգացումների շուրջ: Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային կայունության ապահովման և այդ ուղղությամբ կառուցողական փոխգործակցության ոգով աշխատանքը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված՝ կան և՛ մարտահրավերներ, և՛ հնարավորություններ, և միայն համատեղ կառուցողական ջանքերի, համապատասխան միջավայրի միջոցով հնարավոր կլինի կայունություն և երկարատև խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Վարչապետը նշել է, որ դեռևս չլուծված են մնում շատ հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև հումանիտար խնդիրների շուրջ: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ կարևորագույն առաջնահերթություն է շարունակում մնալ ռազմագերիների վերադարձը, և հայկական կողմի ընկալումն այն է, որ նոյեմբերի 10-ի հայտարարության 8-րդ կետը պետք է կատարվի առանց նախապայմանների: Պարոն Զարիֆը նշել է, որ Իրանը հասկանում է Հայաստանի մտահոգությունները և պատրաստ է օժանդակել մարդասիրական ջանքերին:

Նիկոլ Փաշինյանը և Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների օրակարգին և տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին: Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը և վերագործարկումը, ինչը կնպաստի առկա տնտեսական ներուժի իրացման ծավալների ավելացմանը: Քննարկվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ հավանական ծրագրերին վերաբերող հարցեր: Կողմերը վերահաստատել են փոխշահավետ գործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Վարչապետ Փաշինյանը խնդրել է իր ողջույնները փոխանցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխությանգերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին`նշելով, որ ջերմությամբ և տպավորվածությամբ է հիշում նրանց հետ շփումները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ